Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է. Մհեր Գրիգորյան
«Ադրբեջանական կողմից չեն կարող արձագանքներ չլինել, և գործողություններ չեն կարող չլինել, ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններն ադբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից խախտելու փաստին:
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով և, որ միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է:
Փոխվարչապետը հավաստիացրեց, որ չի քննարկվում տարածքներ հանձնելու հարցը և, որ անցկացվող քննարկումները տեղի են ունենում հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթում առկա տերմիններով, որում նաև խոսք չկա միջանցքի մասին:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում:
Նա բանակցությունների համար բարենպաստ հող համարեց ընդհանուր կայուն իրավիճակը:
«Այս իրավիճակում և սահմանին այս իրադրությունների պարագայում չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում, և այդ առումով վերջին շրջանում այդ հարթակի մասով կոնտակտներն ընդհատվել են, տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»,-հայտարարեց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը բացառեց Մեղրիում հաղորդակցման ուղիների ներքո Հայաստանի սուվերենության հետ կապված որևէ հանգամանքի քննարկումը:
Պատասխանելով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող հայ զինվորների դիակների մասին լրագրողի հարցին Գրիգորյանը նշեց, որ այս ամենը չի կարելի անվանել պետության վերաբերմունք:
«Ես ընդունում եմ՝ սա անթույլատրելի է, խոսք չկա, բայց եկեք հնարավորություն տանք,որ լիազոր մարմիններն այդ մասին ճշտեն, և ես վստահ եմ, որ բացատրություն կլինի, բայց հարցը զգայում է, եկեք բան չասեմ»,- հայտնեց փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան