Էրդողանն ու նրա շրջապատը կանգնած են «Արմագեդոն»-ի առջև․թուրք վերլուծաբաններ
Թուրքիայի կառավարությունը զինում և նավթ է գնում Սիրիայի ջիհադիստներից: Այս մասին է յություբյան իր էջում պարբերաբար տեղեկացնում Թուրքիայից վտարված մաֆիայի առաջնորդ Սեդաթ Փեքերը: Իր հաղորդումներում նա նաև մանրամասնորեն բացատրում է, թե ինչպես են նախագահ Էրդողանի օգնականները ղեկավարում այդ ցանցը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Փեքերը, որը ժամանակին սերտ կապեր ու հարաբերություններ է ունեցել Թուրքիայի առաջնորդների հետ, սկսել է ամեն կիրակի օր հաղորդումներ հեռարձակել յություբյան ալիքով այն բանից հետո, երբ ստիպված էր եղել փախուստի դիմել Թուրքիայից:
Ինչպես վերլուծաբան Աթիլլա Եսիլադան է ասում, մաֆիայի ղեկավարի հետևորդների թիվը գրանցում է կայուն աճ:
«Նրա յուրաքանչյուր տեսագրություն դիտում է մոտ հինգ միլիոն մարդ: Թուրքիայում այսօր գրեթե բոլորը գիտեն նրան ու նրա ասածները»,- ասում է վերլուծաբանը և շեշտում ամենակարևոր հանգամանքն այն մասին, որ Փեքերը բացել է արտադատական սպանությունների մասին 1990-ականների տեղեկագրերը:
Փեքերը դատապարտում է ներքին գործերի նախկին նախարար Մեհմեդ Աղային, նրան անվանում «խորը պետություն» անվանումը կրող ստվերային կազմակերպության ղեկավար, կազմակերպություն, որը կրում է այդ տարիներին հայտնի լրագրողների սպանությունների պատասխանատվությունը: Աղան սերտ կապեր ունի Էրդողանի հետ: Նրա որդին` Թոլգան խորհրդարանի անդամ է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից:
Աղան իհարկե հերքում է իր դեմ հնչող մեղադրանքները: Իսկ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունից Էրոլ Օնդեօղլուն հայտարարում է, որ հարկավոր է սկսել խորհրդարանական հետաքննություն: Սակայն դա հնարավոր չի համարում Էրդողանի իշխանության ներքո: Չէ որ Էրդողանը նույնպես հերքում է հնչող մեղադրանքները և դրանք համարում իրեն «ասպարեզից հանելու նպատակ ունեցող միջազգային դավադրության մի մաս»:
Փեքերի մեղադրանքները հասնում են նաև Էրդողանի ամենամոտ աջակիցներից նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմի որդուն, որը ըստ նրա, իրականացնում է կոկաինի անօրինական առևտուր` Թուրքիան վերածելով դեպի Եվրոպա կոկաին արտահանող գլխավոր հանգույցի:
Վերլուծաբանները հիշեցնում են քաղաքական փոթորիկները հանդարտեցնելու Էրդողանի փորձառության մասին: Սակայն Եսիլադան առանձնացնում է մի հանգամանք, որ Թուրքիան այսօր գտնվում է տնտեսական ճգնաժամի կենտրոնում, երբ հասարակական հարցումների արդյունքում Էրդողանը ստանում է իր անցած տարիների ամենացածր վարկանիշը:
«Իսկ սրանք խոսում են այն մասին, որ մոտենում է Էրդողանի Ամագեդոնը։ Պարզապես հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի Փեքերի հայտնած տեղեկություններից հետո վերականգնվի Էրդողանի վարկանիշը»,- ասում է նա։
Իսկ Փեքերը խոստանում է հեռարձակել նոր հաղորդումներ YouTube-ով, որոնք, նրա խոսքերով, բացահայտելու են նոր գաղտնիքներ, տեղեկություններ, որոնք ինքը հավաքել է իշխող կուսակցության ներքին շրջանակներում երկու տասնամյակ գտնվելու տարիներին:
Մաֆիայի այս առաջնորդի համար, վրեժն այլևս սառը մատուցվող ուտելիք չէ: Այն փաստերի վրա հիմնված մեղադրանքների մասին վեպ է` յություբյան հարթակում:
Իսկ այս հարթակում մաֆիայի ղեկավարի հետևորդների թիվն ամեն օր է գրանցում կայուն աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան