10 տարվա արվեստ. Դպրոցից՝ թանգարան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվելու է «Այբ» դպրոցի տասնամյակին նվիրված նկարչական ցուցահանդես, որում ներառված են 2011-2021 թթ․ դպրոցում նկարչության դասերին մասնակցած աշակերտների լավագույն աշխատանքները։ Էքսպոզիցիան ներառում է ավագ դպրոցի սաների ավելի քան 60 աշխատանք, ինչպես նաև տարրական դպրոցի աշակերտների ճեպանկարներն ու գունանկարները։
Ավագ դպրոցում 2011-ից մինչ այժմ աշակերտների հետ աշխատում է նկարչուհի Մարի Ադամյանը։ Panorama.am-ի հետ զրույցում Մարի Ադամյանն ասաց, որ այս ընթացքում ունեցել են շրջանավարտներ, որոնք շարունակել են ուսումը արվեստի կամ ճարտարապետության ոլորտում, ունեն 8 ճարտարապետ և 5 նկարիչ և դիզայներ, որոնք դեռ սովորում են տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և Ռուսաստանում
«Շատ շնորհալի աշակերտները են, սակայն նկարչության եկող աշակերտների միայն մի փոքր մասն է շարունակում ուսումը այդ ոլորտում։ Շատերն ընկալում են որպես հոբբի, սիրած զբաղմունք, բայց ուրախալի է, որ դպրոցից հետո շարունակում են նկարել, նույնիսկ որպես շրջանավարտ մասնակցում են դպրոցի կողմից նախաձեռնված մշակութային նախագծերի իրականացմանը»,- ասաց նկարչուհին։
Նա նշեց, որ ոճերը շատ տարբեր են՝ կան և ակադեմիականի հավակնորդներ, և ժամանակակից արվեստի։
Ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 1-10-ը։
Այս տարիների ընթացքում աշակերտներն իրականացրել են տարբեր նախագծեր մշակութային ոլորտում, ունեցել են բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես դպրոցում, այնպես և դպրոցից դուրս՝ Երևանի և Արցախի տարբեր թանգարաններում։ Նրանցից են՝ «Երվանդ Քոչար․Փարիզյան դպրոց» ցուցահանդեսը Երվանդ Քոչարի թանգարանում, «Ես» խորագրով ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, «21-20=1դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում, ինչպես նաև ցուցահանդեսներ են ունեցել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում, Նիկոլայ Նիկողոսյան արվեստի հիմնադրամում, Դիլիջանի միջազգային դպրոցում, Շուշիի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ցուցահանդեսների շրջանակում ավագ դպրոցի աշակերտները վարել են հեղինակային կրթական ծրագրեր, որոնք մշակվել են դպրոցում աշակերտների կողմից։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև տարրական և միջին դպրոցի աշակերտների աշխատանքները։ Այս տարի արվեստի առարկաներից մեկը կավագործություն էր։ Դասընթացի շրջանակներում ստեղծված կավե իրերը նույնպես ներկայացված են էքսպոզիցիայում։Տարրական դպրոցի ուսուցչուհին է Գայանե Սարոյանը, իսկ կավագործությանը՝ Վերոնիկա Բարսեղյանը։
Լուսանկարների հեղինակները, ըստ նույն հերթականության՝ Նարե Աբգարյան, Ջուլիա Թանգամյան, Նարե Միրզոյան, Հայկ Կարապետյան, Դանիելլա Դոնաթելլե, Սարգիս Սիմոնյան, Սարգիս Սիմոնյան, Մարիամ Թովմասյան, Արփի Խաչատրյան, Արփի Խաչատրյան և Մարիամ Թովմասյան։
Հարակից հրապարակումներ`
- «Մարի Ադամյան՝ նուրբ, զգացմունքային նկարիչ-մետաքսագործ». ցուցահանդես՝ Հայ-ռուսական համալսարանում
- Մարի Ադամյանի «Ծաղկած ծառը» կտավը ներկայացված է «Իմ ֆուկուսիմա» ցուցահանդեսում
- Մարի Ադամյան. Շատ պասիվ է արվեստագետի կյանքը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները