Ցայտաղբյուր՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված Հակոբ Բողարյանին
Շենգավիթ համայնքի Արշակունյաց 44/3 հասցեում, այսօր բացվեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Բողարյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուր:
Հակոբի մանկությունն ու պատանեկությունն անցել է այդ բակում և նրա զոհվելուց հետո ծնողները, վարչական շրջանի աջակցությամբ, նախաձեռնեցին ցայտաղբյուրի տեղադրումը։
«Սերունդները պետք է իմանան հայրենիքի հանդեպ այդ տղաների ունեցած անսահման սիրո և նվիրումի մասին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Հակոբի հայրը՝ Գագիկ Բողարյանը։
Հայրը անհուն ցավով պատմում է մարզիկ որդու մասին, ասում է՝ մեծ սիրտ ուներ և կյանքն էլ զոհեց՝ հանուն զինակից ընկերների։
Հակոբը ծնվել է 2001 թվականի հունվարի 2-ին։ Սովորել է Երևանի թիվ 154 հիմնականում դպրոցում, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում, այնուհետև ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ակտիվորեն զբաղվել է թիավարությամբ, լավ ֆիզիկական տվյալներ ուներ։
2019 թվականին հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել Արցախում՝ Ջրականում։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին բարձրացել են դիրքեր։ Պատերազմը սկսվելուց հետո մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբը պայքարել է թշնամու դեմ։ Հոկտեմբերի 5-ին պետք է նահանջեին, սակայն երեք ընկերների հետ պահել է զորքի թիկունքը, որ զինվորները դուրս գան շրջափակումից։
«Չորս հոգով փրկել են 22 հոգու կյանք։ Կանգնել են թուրքի դիմաց, որ մյուսները կարողանան փրկվել»,- պատմում է Գագիկ Բողարյանն ու հավելում, որ միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին են կարողացել տղայի և զինակից ընկերների մարմինները դուրս հանել Ջաբրաիլից։
Հակոբի հայրն ասում է, որ իրենց զավակները հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանց չպետք է մոռանան։
Նշենք, որ Հակոբ Բողարյանն ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան