Պարգևատրումների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշը ամսական 360 հազար դրամ է. Ատոմ Ջանջուղազյան
«Մեզ էլ թվացել էր, որ բավականին մանրամասն անդրադարձ արվել էր այս պարգևավճարների հարցին՝ տարբեր ձևաչափերով, հարթակներում, այդ թվում՝ նաև ԱԺ-ում, հանձնաժողովների արտահերթ և լիագումար նիստերի ընթացքում»,- հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ պարգևավճարների վերաբերյալ հարցին։
Պատգամավորը ցանկացավ նախարարի պաշտանակատարից լսել թվերը, թե քանի հոգի և ինչ չափով են պարգևավճար ստացել պետական համակարգում։
Մի քանի անգամ պատգամավորներից ներողություն հայցելով երկար պատասխանելու համար՝ Ատոմ Ջանջուղազյանը 20 րոպեանոց ելույթի ժամանակ այդպես էլ չհնչեցրեց անհրաժեշտ թվերը։
Նրա խոսքով՝ պետական համակարգում պարգևատրումների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է։
Բաբկեն Թունյանը ստիպված էր արձագանքել, որ այդպես էլ նախարարի պաշտոնակատարը չհրապարակեց անհրաժեշտ թվերը և շեշտեց, որ եթե նա չի տիրապետում դրանց, ապա ժամանակ կա մինչև քննարկման ավարտը դրանք ճշտելու և հնչեցնելու համար։
«Լավատես չեմ, որ այդ թվերի հրապարակումով կլուծենք այդ խնդրի շահարկման հարցը»,– պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը
Ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հարկային եկամուտների կառուցվածքում 472 մլրդ դրամով ամենամեծ կշիռն ունեցել է ավելացված արժեքի հարկը։
«Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների գրեթե 30 տոկոսը»,- տեղեկացրեց Ջանջուղազյանը:
Նրա տեղեկացմամբ, շահութահարկի գծով մուտքերը եղել են 149 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի հարկային եկամուտների 11%-ը, իսկ ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 %-ն են կազմել՝ 124 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին