Արտակ Բեգլարյանն Արցախում նոր պաշտոն ունի
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է պետական նախարար։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նա կհամակարգի չորս նախարարների գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
«Այս կադրային որոշումը համարում եմ կարևոր և ճիշտ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում նրա ունեցած կառավարման փորձը, մասնագիտական և մարդկային որակները, մասնավորապես՝ սկզբունքայնությունը, արհեստավարժությունն ու պատասխանատվությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը։
• Ա. Բեգլարյանը, 1995թ. Ստեփանակերտում ականի պայթյունից կորցնելով տեսողությունը, ընդունվել և 2006թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը:
• 2006-2010թթ. կրկին գերազանցությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում, այնուհետև՝ կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում:
• 2010-2011թթ. Եվրոպական Միության «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Սալոնիկի քաղաքի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում:
• 2011-2012թթ. Ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ։
• 2013թ. «Թավիթյան» կրթաթոշակով ուսանել է Հանրային կառավարում և վարչարարություն ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որը համարվում է դիվանագիտական կրթության ոլորտում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:
• Այնուհետև ուսանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ, սակայն պետական ու հասարակական գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված առ այսօր դեռ չի հասցրել պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
• Տարբեր տարիների մասնակցել է տարբեր համալսարանների կրթական ու գիտական ծրագրերի, ներառյալ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում և այլն:
• Գիտական չորս և վերլուծական տասնյակ հոդվածների հեղինակ է:
• 2012-2013թթ. Եղել է ԱՀ վարչապետի օգնականը:
• 2013 -2017թթ. Աշխատել է որպես ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար, այնուհետև՝ մի քանի ամիս՝ պետական նախարարի խորհրդական:
• 2013-2017թթ. Դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ քաղաքագիտությանն առնչվող մի շարք առարկաներ:
• 2018թ. նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար և պաշտոնավարել ինը ամիս:
• 2018թ. հոկտեմբերին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընտրվելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ բավականին մեծ ջանքեր է ներդրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նպաստելով մի շարք բարեփոխումների իրականացմանը տարբեր ոլորտներում:
• 2020թ. դեկտեմբերին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան