«Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց,որ երկրում քաոսային իրավիճակ է։
Մասնավորապես, նա անդրադարձավ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում զինվորների դիակների և մասունքների անմխիթար պահման պայմաններին, որը մեծ աղմուկ առաջացրեց հանրության շրջանում։
«Մեր զինվորների դիերն ու մասունքներն ինչ պայմաններում են հայտնվել,սրա համար պետք պատասխան տան։ Սա այս Կառավարության անմիջական գիտությամբ է տեղի ունեցել, որը որևէ պարագայում չի ներվելու։
«Ներողությունով» փորձում են հարցը փակել,ինչը մեղմ ասած խայտառակություն է։ Սա այսօրվա իշխանության դեմքն է։ Այսօրվա չարիքի աջակիցները կամ հավանական ընտրողները պետք է հասկանան իրենց քվեն ում են տալիս, ովքեր իշխանության ղեկին և առհասարակ որն է սրանց դիմագիծը»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով նաև վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած սպանության դեպքերին, ՀՅԴ գործիչը նշեց , որ մեր երկրում քաոս է։
«Մեր երկրում անտերություն է, քաոս և այս մղձավանջին կարող ենք վերջ դնել հունիսի 20-ին։ Դա մենք անելու ենք ժողովրդի աջակցությամբ։ Պարզապես պետք է քշենք այս իշխանությանը և վերջ դնենք այս քաոսին, անտերությանն ու մղձավանջին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։