Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին, ինչը շատ տրամաբանական է. Թագուհի Թովմասյան
«Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին: Շատ տրամաբանական է, որովհետև մենք միասին եղել ենք հեղափոխական թիմում, մենք եղել ենք շատ-շատ արժեքների կրող, պայքարի միջով անցած մարդիկ ենք, ովքեր ուզեցել են երկրում լավ բան փոխել: Մենք չէինք կարող այլ բան անել, քան միասին շարունակել աշխատանքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին իշխանություններին քննադատում էր, իսկ հիմա որոշել է «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցել ընտրություններին, որի կազմում է ՀՀԿ-ն։
Նա նշեց, որ ՀՀԿ-ի հետ դաշինք ստեղծելու գաղափարը քննարկվել է ավելի վերևի օղակում՝ Արթուր Վանեցյանի հետ և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացվել այդ ուժի հետ գնալ՝ հաշվի առնելով նաև նրանց ազգային գաղափարախոսությունը, արժեհամակարգային մոտեցումները, որոնք կան այդ կուսակցության ներկայացուցիչների մեջ։
Ըստ Թ. Թովմասյանի, այն քննադատությունները, որոնք անում էին, այնքան փոքրիկ, մեղմ և ոչինչ չասող քննադատություններ էին այն արհավիրքի դիմաց, որ այսօր երկրի առջև է կանգնել։
«Որևէ մեկդ կպատկերացնե՞ր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարեր, որ պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ գնալ դաշինքի, բայց եկավ այդ օրը, որովհետև երբ որ չափում ենք մեր ռիսկերը, պետք է հասկանանք, թե ինչ քաղաքական քայլ ենք իրականացնում որևէ բանով մեր երկրին օգնելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու համար որևէ քաղաքական ուժի հետ պետք է ճանապարհ անցնել։
«Ինձ համար որոշումն ակնհայտ էր, որոշեցի քաղաքական ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ։ Մենք «Պատիվ ունեմ» դաշինքն ենք ձևավորել ու շարունակելու ենք առաջ գնալ, որովհետև այսօր մեր մեջքը, մեր բանակի մեջքն ուղղելու խնդիր ունենք, պետք է կարողանանք մեր երկիրը հասցնել այն վիճակին, որ գոնե այսօրվա եղած սահմանները պահենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ քննադատել է նախկին իշխանություններին, քննադատելու է իրեն դուր չեկած, իր սկուզբունքներին դեմ ցանկացած բան, որ տեսնի որևէ իշխանության ժամանակ:
«Ես լինելով ՔՊ-ի թիմում, միշտ խոսել եմ այն բաների մասին, ինչն անհանգստացերլ է ինձ, առաջիկայում էլ եմ այդպես վարվելու: Այսօր մենք ունենք իսկապես երկրի փրկության խնդիր և «Պատիվ ունեմ»-ն այդ առաքելությունն իրականացնելու է»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- «Պատիվ ունեմ» դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 50 համարները
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշիքն ընտրություններում հաղթելու ամենամեծ պոտենցիալն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան