2020 թ. տրված վարկերի 67%-ը բիզնես վարկերն են եղել. ԿԲ նախագահ
«2020 թ. տրված հիմնական վարկատեսակը բիզնես վարկերն են՝ 67 %, 24 %-ը հիփոթեկային վարկերն են, 7.1 %-ը՝ գյուղատնտեսական, 2.5 %-ը՝ սպառողական»,- ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարի աճել են հիփոթեկային և բիզնես վարկերը, վերջինս պայմանավորված է եղել կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված վարկերով, իսկ, ընդհանուր առմամբ, 2020 թվականին նոր վարկեր ստանալու պահանջարկի էական նվազում է արձանագրվել:
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ 2020թ.կապիտալի համարժեքության որոշակի նվազում է արձանագրվել 2019 թվականի համեմատ, իրացվելիության մակարդակը նույնպես իջել է՝ 29.1%-ից հասնելով 25.6 %-ի, բայց ստորին թույլատրելի շեմը՝ 15 % է, ինչը նշանակում է, որ այն նվազագույնից բարձր է:
Ներկայացնելով, թե ինչ է արել ֆինանսական համակարգը 2020 թվականի արհավիրքին դիմակայելու տեսանկյունից՝ գլխավոր դրամատան ղեկավարը նշեց, որ ոլորտի կազմակերպությունները 980 հազար վարկային պայմանագրի շրջանակներում մոտ 1.3 տրիլիոն դրամի վարկ են տրամադրել:
Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգը նաև 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների և հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները:
«Այսօր առաջին անգամ մենք մեր իրականացրած սթրես-թեստն ենք հրապարակում: Այն ծայրահեղ վատ, շատ ցածր հավանականություն ունեցող սցենարի մոդելավորումն է մեր ֆինանսական համակարգի վրա ու սա արվում է մակրոմիջավայրի սցենարի վրա վարկային արդյունքների կորուստների հաշվարկով, ինչի արդյունքում նայում ենք, թե արդյո՞ք կապիտալի համարժեքությունը բավարար է այդ ծայրահեղ վատ վիճակին դիմակայելու համար»,- լրագրողներին հայտնեց Գալստյանը և հավելեց՝ թեստերը ցույց են տալիս, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը նույնիսկ այդպիսի ծայրահեղ վիճակում ավելի բարձր է մնում:
«Եթե 2020 թվականը վատ տարի էր, թեստով 2021 թվականը դիտարկում ենք ավելի վատ տարի և գնահատում, թե բանկային համակարգը կկարողանա՞ կլանել այն և տեսնում ենք, որ համակարգը միջինում մնում է 12 %-ից բարձր մակարդակի վրա»,- հայտնեց Մարտին Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին