Հովակիմ Զաքարյան. Իրատեսական է արդեն 2026թ․ ունենալ գիտության 45-50 մլրդ դրամի բյուջե
Կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկա 4-5 տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումը պետք է աճի։ Եթե ուզում ենք կայուն զարգանալ և վերականգնել անվտանգությունը, ուրեմն պետք է մեծ գումարներ ներդնել կրթության և գիտության բնագավառներում (դրա հիմնավորումը շատերն են տվել, չեմ ուզում կրկնվել)։
Ընդ որում, իրատեսական է արդեն 2026թ․ ունենալ գիտության 45-50 մլրդ դրամի բյուջե, այսինքն մոտ չորս անգամ ավել, քան ունենք հիմա։ Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ պետք է փոխել ֆինանսների բաշխման տրամաբանությունը․ բյուջեի մեծամասնությունը պետք է տրամադրվի հեռանկարային ուղղություններում նոր լաբորատորիաների/կենտրոնների (այսինքն ենթակառուցվածքների) ստեղծմանը և նախագծերի իրականացմանը։
Նախ, պետք է ընդունենք, որ մենք չունենք մրցունակ գիտություն (որոշ լաբորատորիաները չհաշված): Դրա ամենավառ ապացույցներն են Nature Index-ում Հայաստանի դիրքը կամ պատենտների քանակը ԱՄՆ/ԵՄ/Ճապոնիա եռյակում։ Հետևաբար, պետք է ՆՈՐԻՑ ստեղծենք մրցունակ գիտություն, ինչպես դա արվեց սրանից մոտ 60 տարի առաջ։ Ուղակի այն ժամանակ կար ԽՍՀՄ՝ իր մարդկային և ֆինանսական ահռելի ռեսուրսով, իսկ հիմա՝ լավագույն դեպքում ցանկություն և քաղաքական կամք (եթե լինի):
Սահմանափակ ռեսուրսների պայմաններում շատ կարևոր է դառնում գիտության ոլորտում ֆինանսների գերռացիոնալ ծախսը ու հեռանկարային (գլոբալ կամ լոկալ) ուղղությունների ճիշտ ընտրությունը։
Իսկ ո՞ր ուղղությունների վրա կենտրոնանալ, կամ ի՞նչը կարելի է համարել հեռանկարային։ Սա շատ կարևոր հարց է, որը, կարծես թե, երբեք չի քննարկվել ոչ գիտական հանրության, ոչ էլ քաղաքականությունը մշակողների կողմից։ Ժամանակն է դա անել։
Գիտության կոմիտեն կարող է ստեղծել փորձագիտական խմբեր՝ տեղացի և արտասահմանցի գիտնականներից կազմված, որոնց նպատակը կլինի
1) որոշել այն ուղղությունները, որոնք հեռանկարային են լինելու առաջիկա տասնամյակների համար,
2) գնահատել այդ ուղղություններում մեր ունեցած ռեսուրսները,
3) հասկանալ, թե որ ուղղություններում հնարավոր է փոքր ռեսուրսներով հասնել մեծ արդյունքների,
4) մշակել այդ ուղղությունների զարգացման հայեցակարգերը ու ժամանակացույցը։
Ոչ մի նոր բան չեմ ասում։ Շատերն են այդ ճանապարհով գնացել։ Կամ մենք նույնպես կանցնենք դրանով, կամ էլ կշարունակենք դոփել ճահճում»։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր. Պետության անվտանգությունն էապես պայմանավորված է տեխնոլոգիաներով, որի հիմքը գիտությունն է
- Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան