ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը խթանող օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ քվեարկողներ չեղան:
ԱԺ կայքում ներկայացված նախագծի համաձայն, այս օրենքով Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սույն օրենքով սահմանված նպատակներով եւ գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
Արգելվում է արտադրական կանեփի արտադրությունը անձնական օգտագործման նպատակով:
Արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը չեն համարվում դեղերի արտադրություն կամ շրջանառություն եւ չեն կարգավորվում «Դեղերի մասին» օրենքով:
Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:
Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձևերն են արտադրական կանեփի մշակումը եւ արտադրությունը:
Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:
Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով:
Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Տիգրան Գաբրիելյանն ասել էր. «Արտադրական կանեփի արտադրությունն իր մեջ ներառում է մշակաբույսի մշակումն ու կանաչ զանգվածի և ծաղկազանգվածի վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ»: Նա հավաստիացրել էր, որ կանեփի յուղը լայն կիրառություն ունի կոսմետիկ արտադրության մեջ, ինչպես նաև առողջապահության ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- Արտադրական կանեփի արտադրությունը խթանող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- ԱԺ-ն քննարկեց արտադրական կանեփի արտադրությունը խթանող օրինագիծը
- Կառավարությունը հավաստիացնում է, որ թմրամոլները չեն ստանա արտադրական կանեփի արտադրության լիցենզիա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում