Բայդենը հայտնել է Կիպրոսում թուրքերի սադրիչ գործողությունները կանխելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդագրություն է ուղարկել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում նա հայտնել է, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրացի հույն սեփականատերերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է կառավարության խոսնակ Կիրիակոս Կուշոսը:
«Անցած գիշեր Հանրապետության Նախագահը նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից»,-Կուշոսի խոսքերը մեջբերել է Կիպրոսի մամուլի և տեղեկատվության բյուրոն: Ըստ պաշտոնյայի՝ Բայդենի նամակը պարունակում է շատ կարևոր հղում Ֆամագուստայի խնդրին և ներառում է հայտարարություն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտահոգված են Կիպրոսի թուրքերի՝ 2020 թ. հոկտեմբերին կայացրած Վարոշայի մասը բացելու որոշմամբ և Թուրքիայի աջակցությամբ:
«Նախագահ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչ է արել և կշարունակեն կոչ անել թուրքական կողմին այս որոշումը չեղյալ համարել և կանխել, ինչպես ինքն է որակավորել, հետագա սադրիչ գործողությունները»,-հավելել է կառավարության խոսնակը: Նրա խոսքով, Սպիտակ տան ղեկավարը Անաստասիադիսին հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են դիտել Կիպրոսի Հանրապետությունը որպես կարևոր գործընկեր Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում՝ խոստանալով Վաշինգտոնի հանձնառությունը Կիպրոսի հետ ամուր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում: Բայդենը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին գլոբալ խնդիրների լուծման գործում Նիկոսիայի դերի և մայիսի 14-ի նամակի համար, որում Անաստասիադիսը ԱՄՆ նախագահին է փոխանցել Ժնևում Կիպրոսի կարգավորման վերաբերյալ ապրիլյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ իր տեսլականը:
Ինչպես շեշտել է Կուշոսը, Բայդենը նաև հայտնել է իր հստակ դիրքորոշում Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ երկզոնալ, երկհամայնքային ֆեդերացիայի հիման վրա` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ջանքերը Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար ընդհանուր հիմք գտնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան