Որ վաղը ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչներ ունենանք
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում անսովոր եռուզեռ էր։ Փոխվել էին գիտափորձերի տեղը, դրանք իրականացնողներն ու փորձերի արդյունքում հետևություններ անողները։
Կենտրոնի երիտասարդական խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի հետ կապված գիտափորձերի մասնակիցներն այս անգամ դպրոցահասակ ու ավելի փոքր երեխաներն էին։ Նրանց թվում էին նաև Արցախի պատերազմի մասնակից զինծառայողների երեխաները։
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն «Իոնական հեղուկների մշակում և կիրառություններ քիմիայում» խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ միջոցառման նպատակը երեխաների մոտ դեպի բնագիտական առարկաներ հետաքրքրություն ու սեր առաջացնելն է։
«Երեխաները տեսան, թե ինչպես են ներարակում մկներին, մասնակից եղան հրաբխային ամպ ստեղծելուն, նրանց երիտասարդ գիտաշխատողները բացատրեցին, թե ինչպես են դեղեր ստանում, նաև բռնեցին ներարկումից փախչող մկնիկին, մի քանի փորձեր էլ ինքնուրույն կատարեցին»,-միջոցառումից մանրամասներ է ներկայացնում Ա. Հարությունյանը։
Գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կարծում են, որ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար երեխաներին դեռ փոքր տարիքից պետք է ներգրավվել նման փորձերին, միջոցառումներին։ Կենտրոնի երիտասարդները համագործակցում են տարբեր դպրոցների, քիմիայի, ֆիզիկայի ուսուցիչների հետ, տրամադրում են անհրաժեշտ նյութեր փորձերի համար, երբեմն աշակերտներին են հրավիրում իրենց կենտրոն կամ էլ իրենք են այցելում դպրոցներ։
«Հույս ունեմ, որ շուտով նման ծրագրերը կֆինանսավորվեն պետության կողմից»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ անցած ամառ Գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքի օտարման դեմ, որտեղ նախատեսվում է կառուցել 25 հարկանի 2 բնակելի շենք։
Կենտրոնի աշխատակիցները պնդում էին, որ դա անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում:
«Վտանգված է կենտրոնի տարածքային ամբողջականությունը և առհասարակ ապագայում կենտրոնի գոյություն ունենալու հարցը, ինչը հանգեցնելու է նաև երիտասարդ կադրերի գործազրկության՝ գիտության երիտասարդացմանը խրախուսելու փոխարեն»,-ասված էր իրականացված ստորագրահավքին։
Ա. Հարությունյանը ցավով նշեց, որ շատերն իրենց կենտրոնի մասին իմացել են ու նաև հիշում են տարածքի մասին բարձրաձայնած մտահոգություններից հետո։
«Այդ վտանգն այսօր էլ առկա է։ Տարածքների օտարման խնդիր ունեն գրեթե բոլոր գիտհաստատությունները։ Միջոցառումը կենտրոնի շենքի բակում անցկացնելն ինքնանպատակ չէր, մենք ունենք շատ լավ միջոցառռումներ, իրականացնում ենք բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր, համագործակցում ենք կրթական հաստատությունների հետ, լավ կլիներ, որ կենտրոնը ներկայանար հենց այդպես»,- ասաց երիտասարդ գիտաշխատողը։
Լուսանկարները տրամադրել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր. Պետության անվտանգությունն էապես պայմանավորված է տեխնոլոգիաներով, որի հիմքը գիտությունն է
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում