Վրաստանում պատվաստվածների միայն 0.8%-ի մոտ է քովիդ ախտորոշվել
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի տեղեկությամբ` մեկ չափաբաժնով պատվաստված քաղաքացիներից ընդամենը 0.8%-ի մոտ է քովիդ ախտորոշվել: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ինչ վերաբերում է կրկնակի պատվաստվածներին, 0,2%-ի մոտ վարակը հաստատվել է: Նա ասել է, որ այս թիվը համաձայնեցվում է համաշխարհային վիճակագրությանը: Բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել` բացառությամբ մի քանի դեպքի, երբ հիվանդությունը հաստատվել է պատվաստվելուց 3-4 օր հետո, այս դեպքում օրգանիզմին դժվար է եղել դիմադրել:
Միևնույն ժամանակ, ըստ Պաատա Իմնաձեի, ուսումնասիրությունները ապացուցում են, որ նույնիսկ վարակի հաստատման դեպքում, պատվաստված մարդիկ մոտ 50% -ով պակաս վարակիչ են, քան չպատվաստվածները:
Ավելի վաղ, տարբեր առիթներով մասնագետները նշել են, որ պատվաստումը 100 տոկոսով չի ապահովագրում վարակվելուց, այն ավելի շատ պրոֆիլակտիկ բնույթ ունի: