Գարեգին Երկրորդ. Հայոց Բանակը և հայ զինվորն է միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվել է Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։
«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասել է Հայոց Հայրապետը։
Նորին Սրբությունը նշել է, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։
«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։
Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։
Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - իր խոսքում ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայքները զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել։
«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», - պատգամել է Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
- Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպել է Գարեգին Երկրորդին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան