Թուրքիան «Ծովային գայլ» զորավարժությանը ցուցադրել է իր մարտական ներուժը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Զինված ուժերի հրամանատարությունը հունիսի 4-ին հետևել են «Denizkurdu» (Ծովային գայլ) զորավարժությունները: Այս մասին գրում է eadaily.com կայքը։
Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Թուրքիան հերթական անգամ ցուցադրել է իր ծովային բարձր ներուժը: Նրա խոսքով, Անկարան «շարունակում է իր պարտականություններն ու ջանքերը ապահովելու տևական խաղաղություն և կայունություն երեք մայրցամաքներում՝ Լիբիայից մինչև Ադրբեջան»:
«Մենք ցանկանում ենք, որ բնական հարստությունը բաշխվի արդարացիորեն: Մենք չենք հետապնդում այլոց իրավունքները»,- ասել է թուրք նախարարը՝ անդրադառնալով վերջին ամիսներին Թուրքիայի և Հունաստանի միջև սրված վեճերին։
Զորավարժությունների ընթացքում հատուկ ստորջրյա պաշտպանության թիմերը (SAS) ոչնչացրել են ականները, իսկ հատուկ նավային էսկադրիլիայի թիմերը նույնպես ցուցադրել են իրենց հմտություններն ու կարողությունները:
Զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի 133 նավեր, 10 սուզանավեր, 43 ինքնաթիռներ, 28 ուղղաթիռներ և 14 անօդաչու թռչող սարքեր: Միջերկրական ծովի ափին գտնվող Մուգլա նահանգում ուսումնական վարժանքների ընթացքում, ի միջի այլոց, թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը MAM-L խելացի հրթիռներով կրակել են թիրախների վրա։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապով նույնպես միացել է զորավարժություններին Թուրքիայի Զոնգուլդաք նահանգից։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնեն
- Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին
- Նախիջևանի կայազորի զորքերում այսօրվանից մեկնարկում են զորավարժություններ