«Ժողովուրդ». Իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը, և այնտեղ պարզ դարձավ, որ հանձնաժողովի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է՝ Տաթևիկ Բարսեղյանը, որը, սակայն, չընտրվեց այդ պաշտոնում՝ ստանալով 66 ձայն: Երբ նրա թեկնածությունը ներկայացվեց, պատգամավոր Ավետիսյանը ձայն խնդրեց և հայտարարեց, թե չի մասնակցի հարցի քննարկմանն ու քվեարկությանը՝ դա բացատրելով շահերի բախմամբ:
Սակայն այս իրավիճակը, ամեն դեպքում, ուշագրավ է. նրանք հեղափոխությունից հետո՝ հենց առաջին օրվանից, հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բազմաչարչար հայտարարություններ անում, սակայն, որպես հանձնաժողովի թեկնածու, ներկայացվում է պատգամավորի կին, և այն էլ՝ մի հանձնաժողովում, որտեղ պետք է նա կոռուպցիա բացահայտի, հայտարարագրերն ուսումնասիրի և այլն:
Ստացվում է՝ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են, քանի որ եթե իսկապես քո նպատակն այն է, պետք է բերես պաշտոնների անկախ մարդկանց, որոնք որևէ մեկի հետ շահ չեն ունենա և իսկապես անկախ գործունեություն կիրականացնեն: Սակայն ստացվում է՝ սա էլ չի իրականացվում, և այժմ պատգամավորի կնոջն ասում են՝ կոռուպցիա բացահայտի: Բացի այդ, հանձնաժողով են գործուղվում նաև Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի օգնականները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում