«Հրապարակ». Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։ Նախապես հյուրանոցը դատարկել են, աշխատակիցներին ուղարկել տուն, որ նրանք հանգիստ հանդիպեն և զրուցեն հյուրանոցի հարկաբաժիններից մեկում։ Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։
Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։ Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։ Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը՝ Սև լճի հատվածից։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։
Սրանով է պայմանավորված, որ հենց Իշխանասարի հատվածում են 3.5 կմ առաջխաղացում ունեցել մեր տարածքում և այնպիսի դիրք զբաղեցրել, որտեղից ամենաէֆեկտիվը կլինի ճանապարհի կառուցումը, որը հետագայում փաստացի կկտրի Սյունիքը Հայաստանից։
Մեզ ասացին նաև, որ էլիտար հյուրերի հեռանալուց հետո Փաշինյանի աշխատակազմը հյուրանոցի տեսախցիկների դիվիարներն ու սերվերներն է իր հետ վերցրել-տարել, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի։ Այս հանդիպման մասին տեղյակ է նաև ռուսական կողմը, և ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղեր է տալիս ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում