Խաչատրյանի միջազգային մրցույթի մասնակիցները կկատարեն Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը
Վաղը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։
Ասուլիսում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի, Ջութակի կոնցերտները և Թավջութակի ռապսոդիան այս տարիների ընթացքում կատարել է 2600 երաժիշտ, այդ երաժիշտները սովորել են Խաչատրյանի ստեղծագործությունները հատուկ մրցույթին մասնակցելու համար։
«Դա նշանակում է, որ նրանք այդ գործերը կատարել են ոչ միայն Երևանում՝ մրցույթի շրջանակներում, այլև աշխարհի տարբեր բեմերում։ Ես հիշում եմ՝ Բորիս Բերեզովսկուն մի անգամ հարցրի՝ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը տարվա ընթացքում քանի անգամ եք կատարում, նա ասաց, որ այդ տարի արդեն 25 անգամ կատարել է տարբեր երկրներում։ Ընդ որում, շեշտեց, որ ամենաշատ ծափերը ստանում է հենց Արամ Խաչատրյանի կոնցերտից հետո։ Առողջ արևելքը, որ կա Խաչատրյանի երաժշտության մեջ, մեծ ազդեցություն ունի թե՛ ճապոնացու, թե՛ շվեդի, թե՛ ամերիկացու վրա»,- ասաց Ա. Սմբատյանը։
Ըստ կանոնակարգի, մրցույթի մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է ներկայացնեն նաև հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ Այս տարի դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը։
«Կոմիտասը եղավ երգեցողական արվեստի գագաթ, ունենք գործիքային նվագախմբային մտածողության գագաթ՝ Արամ Խաչատրյանը։ Հետևաբար, այն ամբողջն, ինչ եղավ հետխաչատրյանական շրջանի գործիքային երաժշտության մեջ, այսպես թե այնպես առնչվում է Խաչատրյանի կոմպոզիցային, նվագախմբային մտածողությանը։ Իմ արածը մի համեստ մասնակցություն է այս ընդհանուր զարգացմանը, որը կներկայացվի նաև մրցույթի մասնակիցների կողմից»,- ասաց ասուլիսին ներկա մաեստոր Տիգրան Մանսուրյանը։
Մրցույթի ժյուրիի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը նշեց, որ Արամ Խաչատրյանը մեր ազգային հպարտությունն է. «Նրա ամեն մի նոտան հավերժական է, չկա մի ազգ, որ նրան չգնահատի, չսիրի և չհիանա»։
Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2014թ. մրցույթի դափնեկիր թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016 թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։
Այս տարի մրցույթին մասնակիցներ կան ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Հունաստանից, Սլովենիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից, Իսպանիայից, Հայաստանից և այլ երկրներից։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները
- Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ
- Հարոլդ Քլարկսոն. Խաչատրյանի անվան մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու երիտասարդ երաժիշտների
- Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր
- Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ
- Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը