Նախատեսվում է ՀՀ տարածքում տեղադրել փոստամատներ
«OMNIC» միջազգային ընկերությունը և Հայփոստը համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման մասին։ «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի 2021 թ․միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։
Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում և հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։
«OMNIC-ի ծրագրային և սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո, մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակներում OMNIC ընկերությունը և Հայփոստը համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,- մեկնաբանել է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
«OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցն ասել է, որ սույն համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի։