Արթուր Վանեցյան. Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ ու խոհեմ, ուզում ենք ազատել երկիրը չարի լծից
«Այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենաանհասկանալի, տարօրինակ ընտրությունների քարոզարշավը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրի Հայաստանի լինել կամ չլինելու մեջ, խավարի դեմ պայքարում ընտրի լույսը, ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու, գործի անցնելու, ապրելու ճանապարհը՝ միակ ճիշտ ճանապարհը:
«Բարդ է, իրոք շատ բարդ: Այսօրվանից մեր ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, հաճախ գործիքներ՝ բութ, անհայրենիք, ուրիշների ձեռքին սեփական ժողովրդի դեմ օգտագործվող անբարո մահակներ:
Ցավոք, խախտված են ոչ միայն մեր պետության սահմանները, նաև մարդկային տարրական բարոյականությունը, ինչն անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդրիր է, քանի որ բարոյականության սահմանախախտին ոչինչ չի խանգարում պատեհ պահին հատել նաև պետական սահմանը և անցնել թշնամու կողմը:
Պետք է ուղիղ ասեմ. այսօր մեր Հանրապետությունում կան իրենց Հայաստանի քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ, անկաշկանդ քարոզում են մեր հազարավոր զավակներին սպանած, մեր հայրենիքի մի հատվածը բռնազավթած, մեր բնակավայրեր ներխուժած, զինվորներ գերեվարած թշնամու թեզերը»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ձևերը։ «Ես մեկ անգամ չէ, որ առնչվել եմ այդպիսի մարտահրավերների։ Մենք գիտենք՝ ինչպես վարվել նման իրավիճակներում։
Եվ վստահ կարող ենք դրանք չեզոքացնել։ Այս տասնչորս օրերի ընթացքում մեր երկրում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես։ Որպես Ազգային անվտանգության ծառայության գենարալ՝ խոստովանեմ, որ նրանցից շատերի ողնուծուծը գիտեմ, գիտեմ նրանց բարոյական, իսկ ավելի ճիշտ է ասել, անբարոյական նկարագիրը»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենն իր ելույթում։
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդն անդրադարձավ հարցին, թե ինչու հունիսի 20-ին պետք է ընտրել հենց այս դաշինքին՝ թիվ 6-ին։
«Այս հարցին կպատասխանեմ ուղիղ, առանց սեթևեթելու, վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ ու խոհեմ, վստահեք, եթե ուզում եք ազատել երկիրը չարի լծից, վերականգնել արդարությունն ու արժանապավությունը»,-ասաց Ա. Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Այս ընտրությունները հայրենիքը փրկելու համար կենաց-մահու պատերազմ է
- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից
- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն արդեն հասանելի է
- Պատիվ ունենք, ուժ ունենք, թիմ ունենք. «Պատիվ ունեմ» դաշինք
- «Պատիվ ունեմ» դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 50 համարները
- Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշիքն ընտրություններում հաղթելու ամենամեծ պոտենցիալն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան