«Նիկոլ դավաճան» բղաված մարդուն Քրօր-ով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել
Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանի քարոզչության ընթացքում «Նիկոլ դավաճան» բղաված քաղաքացին բերման է ենթարկվել։ Նրան կասկածում են Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
«Նյութերը փոխանցվել են քննչական»,- ասացին ոստիկանությունում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նույն անձի քարոզչության ընթացքում մի քանի այլ միջադեպեր էլ են գրանցվել, արդյունքում Վաղարշապատի բաժին բերման է ենթարկել երկու քաղաքացի։ Նրանց կասկածում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով։
Նշենք, Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
ՎԻՎ օրենքի 182 հոդվածը սահմանում է.
«Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան