Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է կապանցիների՝ տնտեսության զարգացման, անվտանգության և ՌԴ ռազմաբազայի տեղակայմանը վերաբերող հարցերին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկը տրվել է Կապանում, որտեղ ելույթով հանդես եկավ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Ելույթից հետո Քոչարյանը պատասխանեց կապանցիներին հուզող հարցերին։ Մասնավորապես, հարցին,թե տարածաշրջանում տնտեսությունը միաբևեռ է, դոմինանտ է հանքարդյունաբերությունը, արդյո՞ք կլինի դիվերսիֆիկացիա, Ռոբերտ Քոչարյանն ասաց․«Դահլիճային հանդիպումների ժամանակ քննարկում էինք նաև նման հնարավորությունները։ Մեղրիում կարող է լինել գյուղատնտեսությունը։ Խոստացել ենք ոռոգման համար ջրամբար կառուցել, ջրատար կառուցենք։ Կապանում հասկանալի է, որ միայն հանքարդյունաբերությունը չի կարող ապահովել զբաղվածությունը։ Այստեղ պետք է արդյունաբերություն զարգանա և տուրիզմը պետք է հասցնել Կապան»,-ասաց Քոչարյանն ու կարևոր համարեց ճանապարհների կառուցումը։
«Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը պետք է սկսվեր Սյունիքից, այլ ոչ թե Արարատյան դաշտավայրում, որտեղ ճանապարհները բավականին բարվոք էին այն ժամանակ։ Այստեղ տնտեսություն զարգացնելու համար դուք պետք է ունենաք ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժկենտրոններ և աշխատատեղեր»,- թվարկեց դաշինքի վարչապետի թեկնածուն։
Քոչարյանը նաև հիշեցրեց, որ փոքր ու միջին բիզնեսը սկսել է զարգանալ իր նախագահության օրոք, միաժամանակ վստահեցեց, որ քայլեր են ձեռնարկվելու տարածքների համաչափ զարգացման համար։
Հաջորդ հարցին, թե որքանով եք իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Իրատեսական եմ համարում, բայց մեկ հարց, որի վրա միշտ շեշտադրում եմ անում, եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումն ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը և միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հայտարարում ենք՝ այն ուժն ենք, որն ի վիճակի է Հայաստանը տանել դեպի պայծառ ապագա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը այցելել է Կապանի օդանավակայան
- Ռոբերտ Քոչարյան. Դատարկ խոսող մարդու տեսակը չենք, ինչ ասում ենք, անելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան