Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր ուժերի հետ
ՀՀ ոստիկանությունը հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության մեկնարկին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։
Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։
Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։
Ոստիկանությունը հավաստում է, որ առկա են բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման ու բացահայտման, քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման համար։
Հաստատելով իր լիազորությունների շրջանակում ցանկացած խախտման խստագույնս հակազդելու հանձնառությունը՝ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների և քարոզարշավի ընթացքում օրինականության լիարժեք ապահովման գլխավոր երաշխիքը ոստիկանություն-հասարակություն փոխվստահության ու փոխգործակցության առկայությունն է, որի ամրապնդմանն ու կիրարկմանը հետամուտ է լինելու բոլոր միջոցներով»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը
- ԿԸՀ-ի կոչը
- Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները