Շենգավիթում տղամարդը դանակահարել ու սպանել է քեռուն
Շտապօգնության խումբը կանչով հունիսի 5-ի երեկոյան մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։ Շուտով շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ 55-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ կան։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը պարզեցին, որ վնասվածքը կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում Շենգավիթի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ տուժողն ու քրոջ որդին բակում մեքենա կայանելու հարցի շուրջ վիճել են, որի ընթացքում էլ զարմիկը դանակահարել էր քեռուն։
31-ամյա կասկածվողը դեպքից ժամեր անց հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին: Նա խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: