«Ազատ Հայրենիք» դաշինք. Միասնական ուժերով կարող ենք դրական տեղաշարժ ապահովել
«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Դաշինքի մեջ ընդգրկված են՝ Հայ կառուցողական կուսակցություն, Ազգային ինքնորոշում միավորում, Ազգային ժողովրդավարների դաշինք, Հայաստանի կանաչների և Հայաստանի պահպանողական կուսակցությունները:
Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ, «Ազատ Հայրենիք» դաշինքը համակարգող Պարույր Հայրիկյանը համոզմունք հայտնեց, որ միասնական ուժերով կարող են դրական տեղաշարժ ապահովել:
«Փորձում են տպավորություն ստեղծել, որ այլընտրանք չկա, բայց մեր դաշինքի ստեղծումը եկավ մարդկանց համոզելու, որ Հայաստանի քաղաքացիներ, դուք ունեք պահպանողական տրամադրությունների տեր մարդկանց ներկայացնող դաշինք, ունեք քաղաքակրթական դիրքորոշում ունեցող կուսակցությունների դաշինք, ունեք հայ ժողովրդի պատմության մեջ լրջագույն դերակատարություն ունեցող կուսակցություն այս դաշինքում, արդարությանը հետամուտ կուսակցություն, կառուցողական մոտեցում հանդես բերելու տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժ և այս ամենը ձերն է», - ասաց Պարույր Հայրիկյանը։
Հայ կառուցողական կուսակցության նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն վերականգնել անվտանգությունը, կառուցել անկախ արտաքին քաղաքականություն, հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանն ու ապահովել կայուն զարգացում, հաստատել բացարձակ ժողովրդավարություն, համախմբել համայն հայության ուժերը, արդյունավետ, անվտանգ և թափանցիկ օգտագործել ազգային բնական ռեսուրսներն, նվազեցնել հարկային բեռը, ներդնել ժամանակակից և արդյունավետ կրթություն և զարգացնել գիտությունը, ներդնել բոլորի համար հասանելի առողջապահական համակարգ:
«Այս նպատակները կարևոր են մեր հանրության համար, ինչը ցույց է տալիս մեր հարցրումներն ու շփումները մեր քաղաքացիների հետ: Մենք ընտրել ենք այս նպատակները՝ հիմնելով այն տեսլականի վրա, որն ուզում ենք Հայաստանը, մեր ազատ հայրենիքն ունենա 21-րդ դարում»,- ասաց նա:
Ա. Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ կարող են իրականացնել այս ծրագիրը, հասնել բոլոր նպատակներին, քանի որ կախում չունեն որևէ պետության ղեկավարից, ոչ էլ ՀՀ օլիգարխիայից:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
- 5 կուսակցությունների համատեղ ջանքերով ստեղծված «Ազատ Հայրենիք» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան