Զելենսկին հայտարարել է Ուկրաինային ՆԱՏՕ անմիջապես ընդունելու կարևորության մասին
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է անհապաղ լուծվի, քանի որ նրա անկախությունը վտանգված է: Այդ մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Ria-ն։
Հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հիասթափություն էր հայտնել, որ դաշինքը Կիևից պատվիրակություն չի հրավիրել այս հանդիպմանը:
«Կարծում եմ, որ եթե մեզ ողջունեն ՆԱՏՕ-ում, եթե նրանք իսկապես ուզում են մեզ տեսնել իրենց անդամների շարքում, ապա իմաստ չունի հեռադիտակով ինչ-որ հեռավոր ապագա փնտրել և քննարկել ապագան: Հարցը պետք է անհապաղ լուծվի: Հիմա մենք վտանգի տակ ենք, հիմա վտանգվում է մեր անկախությունը, և հենց հիմա է մեզ օգնություն անհրաժեշտ», - ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան, ի վերջո, կմտնի ՆԱՏՕ, բայց երկրի քաղաքացիները, ինչպես նշել է նա, ավելի քիչ են սկսում դրան հավատալ: