Համոզված եմ՝ Գորիսում «Հայաստան» դաշինքը ձայների մեծամասնություն է ստանալու. Առուշան Առուշանյան
«Գուշակություններ չեմ անելու, ես համոզված եմ, որ Գորիսում «Հայաստան» դաշինքը ձայների մեծամասնություն է ստանալու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը:
Նա նշեց, որ այսօրվա իշխանություններն այնպիսին ռեսուրսներ են օգտագործում, որ մարդկանց ծիծաղն է առաջանում՝ նրանց վախեցնելով, թե աշխատանքից կազատեն, այս կանեն, այն կանեն և այլն:
Հնչող մեղադրանքները, թե «Հայաստան» դաշինքին սատարող համայնքապետերը ստիպում են բնակիչներին այս կամ այն անձի օգտին քվեարկել, Գորիսի համայնքապետը դրանք անլուրջ համարեց:
Հարցին, թե հնարավոր է, որ կառավարության կողմից Սյունիքի մարզի հիմնադրամին հատկացված 500 միլիոն դրամ սուբսիդիա տրամադրելը դիտարկվի որպես նախընտրական քայլ՝ Առուշ Առուշանյանը նկատեց, որ լրագրողն ինքն իր հարցին արդեն պատասխանեց:
Նա հայտնեց, որ իշխանությունները փորձում են վարչական ռեսուրսներ օգտագործել, բայց չի կարծում, թե այն հաջողություն կբերի:
Անգրադառնալով Գորիսի անվտանգային խնդիրներին՝ համայնքապետը նշեց, որ նույն վիճակն է, որևէ փոփոխություն չկա, թշնամին կրկին համայնքի տարածքում է:
«2017 թվականին Լիսկայի ջախջախիչ պարտությունից հետո, կրկնում եմ՝ ջախջախիչ պարտությունից հետո, մենք նրան Սյունիքում չենք տեսել»,- պատասխանելով լրագրողի հարցին ասաց Առուշանյանը և շեշտեց, որ Սուրիկ Խաչատրյանը հաստատ դաշինքին չի սատարում, և իրենք ցանկություն չունեն նման մարդկանց հետ ճանապարհ գնալ:
Գորիսի համայնքապետը իր խոսքի վերջում կոչ արեց բնակիչներին երբեք և ոչ մի դեպքում չընտրել Նիկոլ Փաշինյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան