Արմեն Գևորգյան. Հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող
«Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Մարզերում իմ հանդիպումների ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք Քոչարյանը փոխվել է:
Կարծում եմ ՝ վերջին տարիները նրան ավելի բաց և շփվող են դարձրել: Այդ տարիների ընթացքում ակտիվորեն ծանոթանում էր ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին, ընդլայնում էր մարդկային և մասնագիտական շփումների ու ծանոթությունների շրջանակը:
Միևնույն ժամանակ, նա մնացել է կամային, նպատակասլաց և իրական կյանքին մոտ: Նրա մեջ զայրույթ և ներքին լարվածություն չկա, գուցե որոշակի նեղվածություն կա երկրի զարգացման գործում նրա ներդրումը չգնահատելու համար: Բայց համոզված եմ, որ սա միայն կօգնի իրեն հետագայում՝ ճիշտ կազմակերպել իր հարաբերությունները հանրության հետ:
Այո, Քոչարյանը փոխվել է։ Եվ դրա վկայությունն է նրա ակտիվ քաղաքական քարոզարշավը։ Որովհետև նա էլ շատերի նման կարող էր մի կողմ քաշվել։ Բայց չարեց։
Կա մի հարց, որը հաճախ տալիս են բոլոր նրանք, ովքեր որևէ պարագայում Նիկոլի օգտին չեն քվեարկելու. ինչո՞ւ Քոչարյանը։ Հասկանում եմ հարցի ենթատեքստը. մարդիկ ուզում են նոր դեմքեր։ Այլ պայմաններում, այլ իրավիճակում և հենց այդպես էլ պետք է լիներ։ Ավելին ասեմ՝ այլ պայմաններում Քոչարյանն ինքը կցանկանար նույնը։
Բայց հիմա երկիրը գնում է դեպի աղետ: Շատերը հասկանում են, որ միայն նա կարող է կանգնեցնել այս ընթացքը։ Դա օբյեկտիվ է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր անձնական վերաբերմունքը նրա նկատմամբ։
Օբյեկտիվ է նաև այն, որ շատերը քննադատում են և իրենց սուր էմոցիաներն ուղղում դեպի Քոչարյանը՝ հասկանալով և ընդունելով հանդերձ, որ այս իրավիճակում նա միակ իրական այլընտրանքն է։
Օբյեկտիվ, բայց անարդար է, երբ միայն նա է ասոցիացվում մեր երկրի «մինչև Նիկոլ» 27 տարվա որոշ վիճելի էջերի հետ։
Օբյեկտիվ է նաև այն, որ նա հիմա չի կարող համապատասխանել բոլոր ողջամիտ մարդկանց պատկերացումներին և ցանկություններին։ Այդպիսի իդեալական մարդիկ, առավել ևս՝ քաղաքական գործիչներ, բնության մեջ պարզապես չկան։
Սակայն փաստ է նաև այն, որ նույնիսկ զրպարտության բազմամյա չարամիտ և սև քարոզչությունից հետո, հազարավոր մարդիկ, որոնք պատրաստվում են ապրել Հայաստանում, իրենց իրական հույսերը կապում են նրա հետ։
Իմ հանդիպումների ընթացքում ես ասում եմ, որ պետք չէ սիրել կամ մեծարել Քոչարյանին, պետք է հարգել և վստահել նրան՝ որպես երկրի առաջնորդի, որպես քաղաքական փորձառու գործչի, որը գիտե, թե ինչպես երկիրը դուրս բերել զարգացման այս շոկերի ցիկլից:
Իսկ հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող: Պահանջեք Քոչարյանից՝ առաջադիմական թիմեր, պահանջեք պրոֆեսիոնալ պետական համակարգ, գրագետ դիվանագիտություն, քաղաքական առաջադեմ համակարգ, հանրային համերաշխություն, տնտեսական կայունություն և այլն և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական
- «Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան