ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն ընտրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 6 հիմնական կոմիտեներից մեկի նախագահ
Հունիսի 7-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվեց ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Իր խոսքում ՀՀ Մշտական ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:
ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվեց Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ս.թ. սեպտեմբերին:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային հարցերի թվում են նաև մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։