Արայիկ Հարությունյան. Տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նա նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:
Ըստ աղբյուրի, անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է ՀՀ-ում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան