Դեսպանատուն. Դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել Փաշինյանի կամ Սարգսյանի հետ
«Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ»,-հայտնում են ԱՄՆ դեսպանատնից՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները։
Տարածած կարճ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատունը վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել է հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։
«Դեսպանի Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ»,-նշում են դեսպանատնից ու մանրամսնում, որ դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման:
Դեսպանի Սյունիք կատարած այցի մանրամասները ներկայացված են այստեղ։