Գևորգ Դանիելյան․ ՔՊ-ն կանխազգալով իրենց հասցեին ուղղված «ողջույնները»՝ ՔՕ-ում նախատեսեցին պատասխանատվություն՝ նախընտրական հավաքը իբր խոչընդոտելու համար
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Ինչպես է քպ-ն պատրաստվել արտահերթ ընտրությանը: Այս անգամ միայն մի քանի դրվագ քրեական հետապնդումների կտրվածքով՝
- կանխազգալով, որ հավաքներին անչափ շատ է հնչելու իրենց հասցեին ուղղված «ողջույններ», անհապաղ՝ ապրիլի 28-ին քրեական օրենսգրքում նախատեսեցին պատասխանատվություն՝ նախընտրական հավաք անցկացնելուն իբր խոչընդոտելու համար: Դա առայժմ հնարավորություն տվեց, որ մի քանի «հրաշալի» պատրաստված ծառայողներ կարողանան հետապնդել և «բռնել» մի կնոջ, որն իր կոչերով փչացրեց հավաքը՝ իսպառ «խոչընդոտելով» այն,
- աչքակապության համար նույն օրը քրեական պատասխանատվություն սահմանեցին Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելու կամ հայտարարագիր չներկայացնելու համար, սակայն վերապահում արեցին, որ ԱՅՆ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ, այլ կգործի միայն 2022 թ. հունվարի 1-ից,
- միտումնավոր չվերանայեցին ընտրությունների ընթացքում թեկնածուի կամ կուսակցությունների վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելու համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը դեռևս 2016 թ. անհեռատեսորեն վերացնելու վերաբերյալ նորմը, որպեսզի ազատություն տան իրենց վառ երևակայությանը և «ապագա» ծրագրերի մասին խոսելու փոխարեն, բացառապես զբաղվեն հակառակորդներին զրպարտելու անփոխարինելի արվեստով, ինչին իրենք լավ են տիրապետում: Անգամ խոսելով բանակը թալանելու մասին, փորձ չարեցին ճշտել, թե իրենց կողքին կանգնած նախկին բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, որը եղել է թիկունքի անմիջական պատասխանատուն, ինչ կարծիք ունի …
Հ.Գ. Մի բացառություն, այնուամենայնիվ, եղավ. քպ-ին հարած նախկին բարձրաստիճան կոմունիստներից մեկը «ապագայում» խոստացավ ազգային միասնություն, պարզապես չբացատրեց, թե դա միայն ում է վերաբերում …»։