Կկվի պատմությունն է դարձել, Ադրբեջանն ասում է՝ այս տարածքը տուր, թե չէ կացինս կբերեմ. Եղեգնաձորի բնակիչ
«Այն վիճակին ենք հասել, որ ժողովուրդն ասում է՝ ավելի լավ է մեզ թալանեին, քան այս վիճակին հասնեինք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց եղեգնաձորի բնակիչ, ֆինանսիստ Շահեն Վարդանյանը:
Նա վրդովմունքով արձանագրեց, որ նոր հեռուստաընկերություն են բացել, որն ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանի գովքն է անում և կեղծ ինֆորմացիա է տարածում:
«Առևտրականներին արտոնություն է տրված, մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներին ազատել են հարկերից և Գյումրիում, Աշտարակում նրանց դարձրել են զոմբիներ, տանում խոսեցնում են, թե ո՞ւմ եք ընտրելու, ասում են Նիկոլին, եթե անգամ նրա անուն չեն տալիս, ապա հարցերով ստիպելով բերում հասցնում են նրան, որ ասեն՝ Փաշինյանին ենք ընտրելու:
Սա ի՞նչ է, ազատ մամուլ, թե՞ իրեն գովաբանող մամո՞ւլ: Նոր բացված հեռուստաընկերություն՝ ընտրությունների նախաշեմին, ինչ օրենքով ու հիմունքներով է բացվել: Փորձնական եթեր են դրել և ամբողջ օրը Նիկոլի գովքն ու քարոզարշավն են անում»,- հայտարարեց Շահեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մարզերում ժողովրդի մեծամասնությունը չունի բոլոր հեռուստաալիքներից օգտվելու հնարավորություն, դիտում են միայն Հ1 և «Ազատություն» ռադիոկայանը և երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի ալիքներն են:
«Ով որ Նիկոլի հետ չէ, գործ են սարքում նրա վրա, իսկ իրենց մարդկանց դեմ գործեր չեն հարուցում, հենց մեկը մեր մարզի մարզպետների վրա՝ Տրդատից մինչև Արոն: Նրանք բոլորը հանցագործություններ են արել, բայց իրենց դեմ քրեական գործեր չեն հարուցվում, որովհետև ոստիկանությունը, քննչականը և դատախազությունն ամբողջությամբ գտնվում են իրենց վերահսկողության տակ: Դատարանները հիմնականում անկախ են, բայց նաև նրանց շրջանում կան դեպքեր, երբ ենթարկվում են իշխանությունների ցուցումներին, սրա դեմը մի կերպ պետք է առնենք»,- հայտնեց Եղեգնաձորի բնակիչը և միակ ելքը տեսնում է ժողովրդի կողմից իրավիճակի գիտակցման և ընտրությունների միջոցով այս իշխանությանը մերժելու մեջ:
Panorama.am-ի ֆինանսիստ զրուցակիցը նկատեց, որ այս իշխանությունները 3 միլիարդ դոլարի պետական պարտք են վերցրել, որից 300 միլիոնն ընդամենը ծախսել են ասֆալտապատման վրա և պարզ չէ, թե ինչ են արել մնացած գումարը:
«Այս ծանր պայմաններում մարզպետարանը դեկտեմբեր ամսին 235 տոկոս պարգևավճար է վճարել, 5 տոկոսն էլ հավաքել էր, որի իրավունքը չուներ, մեկ աշխատավարձից ավելի չպետք է վճարեր: Քրեական գործ հարուցեցին, իբր ստուգում են, բայց հանցակազմի բացակայության հիմնավորմամբ փակել են»,- հայտարարեց Շահեն Վարդանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ միտումնավոր չեն քննում գործող իշխանության ներկայացուցիչների հանցագործությունները, եթե ցանկանան քննել, ապա կարող է բազմաթիվ հանցագործությունների օրինակներ բերել:
«Մեր Գետակ գետի հունը քանդել են, Տրդատը ծախել է «Ճանշինին», մենք բողոքում ենք, բայց քրեական գործ չեն հարուցում, մերժում են: Սելիմ գնալու ճանապարհի հարևանությամբ հունը քանդած է, խիճ են տարել լցրել, ծառերը կտրել, եթե հեղեղում եղավ խնդիր է լինելու: Նույն վիճակն է երկու գետերի՝ Եղեգիսի հետ հատման տեղում, կրկին հունը քանդել են լճեր են սարքել, ժողովուրդը բողոքում է, իսկ Տրդատը համայնքի ղեկավարին ասում է՝ Շրջակա միջավայրի նախարարն իմ ընկերն է, արխայն թուղթը գրեք, թույլ տվեք: Այս է իրավիճակը, բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք այս իշխանության օրոք արվել են, բայց դրանց ընթացք չի տրվել, իսկ նրանք, ովքեր փորձում են ընդդիմանալ, նրանց վրա գործ են սարքում»,- ընդգծեց նա։
Եղեգնաձորի մեկ այլ բնակիչ Միշա Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այսօրվա ընտրությունները նախկին ընտրությունները չեն, այսօր Քոչարյանը պետք է գա, որ Հայաստանը մնա: Եթե Քոչարյանը չեկավ, մնաց Փաշինյանը, ապա հնարավոր է Հայաստան չունենանք»։
Նրա խոսքով՝ միայն ՀՀ երկրորդ նախագահը կարող է այս վիճակից դուրս բերել ժողովրդին, որը միանգամից հնարավոր չէ անել, այլ՝ մեկ կամ երկու տարվա ընթացքում:
Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Ա. Քաթանյանի գերեվարման փաստին, քաղաքացին հիշեց հայտնի ստեղծագործությունը. «Կկվի պատմությունն է դարձել, որ սպառնում է ձագին տալ, թե չէ կացինը կբերի: Հիմա Ադրբեջանն ասում է՝ այս տարածքը տուր, թե չէ կացինս կբերեմ: Ինչքան տաս էլի ուզելու է: Սա պետք է գնա, որ այդ ուզողին պատասխան տվող լինի»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օգտվել է ժողովրդի միամտությունից, քանի որ նախկին իշխանությունների սխալներից ելնելով վերջիններին մարդիկ չէին ուզում, դրա համար էլ Փաշինյանին ընտրեցին:
Ըստ Միշա Ղազարյանի, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն ինքը լիներ, ապա ժողովուրդը իրեն էր ընտրելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին