Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Հայաստանի համար ավելի լավ դաշնակից, քան Ռուսաստանն է, չի կարող լինել»,- ռուսաստանցի հայտնի լրագրող, հեռուստա- և ռադիոհաղորդումների վարող, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարում է «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե իր ղեկավարած քաղաքական ուժն ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանի հետ։
Վանեցյանի խոսքով, Ռուսաստանի հետ պետք է ունենալ ուղիղ և ճիշտ հարաբերություններ, քանի որ այն չի հանդուրժում ստերը, ինչպես նաև մարդկանց, որոնք ուղիղ չենք խոսում իրենց խնդիրների ու հարաբերությունների մասին։
«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն գերտերություն է։ Կարծում եմ, որ իշխանության գալուց հետո պետք է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ առավել սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցերը։ Պետք է այնպես անել, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերութունները բարձրացվեն այնպիսի մակարդակի, որ որևէ մեկը չկարողանա այն փոխել»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Հարցին, թե ո՞ւմն է Ղրիմը, Վանեցյանն արձագանքել է. «Ղրիմը մերն է»։
Սոլովյովի ճշտող կես կատակ-կես լուրջ հարցին՝ հայկակա՞ն է, թե ռուսական, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը պատասխանում է. «Եթե անկեղծ, Ղրիմը ռուսական է։ Ղրիմի բնակչության մեծ մասը՝ 95 տոկոսը քվեարկության միջոցով հայտարարել է Ռուսաստանի հետ միավորվելու ցանկության մասին։ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից»։
Վանեցյանը հիշեցրել է, որ Արցախի ժողովուրդն էլ հանրաքվեի միջոցով ինքնորոշվել էր, սակայն վերջին պատերազմը խախտեց ԼՂ խնդրի կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ ինքնորոշման, ուժի չկիրառման վերաբերյալ։
Սոլովյովի այն դիտարկմանը, թե Ռուսաստանին մեղադրում են Արցախի անկախությունը չճանաչելու համար այն դեպքում, երբ Հայաստանն էլ իր համար չէր հստակեցրել ԼՂ կարգավիճակը, Վանեցյանն արձագանքել է, պատերազմը սկսելուց 2-3 օր անց պետք էր ճանաչել ԼՂ անկախությունը։
«Հայաստանի նախկին իշխանությունները չէին ճանաչում Արցախի անկախությունը միայն այն բանի համար, որպեսզի հարցը կարգավորվեր խաղաղ ու բանակցային ճանապարհով։ Սակայն նախատեսված էր, եթե Ադրբեջանը սկսում է ռազմական գործողություններ, և դրանք շարունակվում են մի քանի օր, ապա Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը։ Փաշինյանը, որը ՀՀ երրորդ նախագահի ձեռամբ այսօր առավել հայտնի է որպես կապիտուլյանտ, իր մեջ ուժ կամ գրագիտություն չգտավ, կամ էլ հատուկ արեց ու չճանաչեց Արցախը։ Պետք է հասկանալ, թե ինչու նման բան արվեց»,- ասել է նա։
Վանեցյանն ընդգծել է, որ երեք տարի շարունակ կապիտուլյանտն ու նրա թիմի ներկայացուցիցչներն իրենց հայտարարություններով փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Այսօր Արցախում մարդիկ են ապրում, նրանք ապրում են ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո»,- ասաց Վանեցյանը։
Հարցին, ի՞նչ տրամադրություն է այժմ Հայաստանում նման սարսափելի կորուստներից հետո, Վանեցյանը պատասխանել է, նման թվով զոհերի, տնազրկվածների, տարածքների կորուստի պայմաններում այս իշխանությունները ցանկանում են փակել Արցախի էջը՝ ասելով, որ հարցը կարգավորված է, պատերազմ չի լինի, բանակ չի լինի, ապրելու ենք, բարգավաճելու ենք։
«Բայց ինչպե՞ս»,- նշել է Վանեցյանը։
«Ո՞նց թե ինչպես, առաջարկում են տրվել Թուրքիային»,- արձագանքել է Սոլովյովը։
Ի պատասխան հիշեցրել է, որ Թուրքիայի վերաբերմունքը հայերի նկատմամբ չի փոխվել, 20-րդ դարի յաթաղանը փոխվել է բայրաքթարներով։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին
- Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի անունը փոխած արտասանես․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
- Արթուր Վանեցյան. Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ ու խոհեմ, ուզում ենք ազատել երկիրը չարի լծից
- Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան