Ճգնաժամային խումբը խնդիր է տեսնում Ղարաբաղում խաղաղապահների մանդատի մեջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի շահերից է բխում հստակեցնել խաղաղապահների մանդատը, ստեղծել կանոնավոր հաղորդակցման ուղի և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը գոտի։ Այս մասին ասում են Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group - ICG) փորձագետները, գրում է RBC-ն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո մնում է փխրուն, գրում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան հեռանկարները» զեկույցում: Մշտական լարվածության աղբյուրներ են հանդիսանում բազմաթիվ գործոններ, ներառյալ կողմերի դիրքերի՝ միմյանց և բնակելի տարածքներին մոտ լինելը, հետպատերազմյան պայմանավորվածության շուրջ ամենօրյա վեճերը (ականազերծման կարգից մինչև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը), ինչպես նաև հայկական և ադրբեջանական կողմերի կախվածությունը հիմնական տրանսպորտային ուղիներ մուտքից:
Լարվածությունը թուլացնելու համար զեկույցի հեղինակները, որը կազմվել է երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փորձագետների և պաշտոնատար անձանց հետ հարցազրույցների հիման վրա, առաջարկում են մի շարք միջոցառումներ:
ICG-ի կարևոր առաջարկներից մեկը ռուս խաղաղապահների մանդատի հաստատումն է: Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պայմանավորվել են դրանց տեղաբաշխման մասին անցյալ տարվա նոյեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեջ, որը դադարեցրեց 44-օրյա ռազմական գործողությունները։ Մոսկվայում ստորագրված փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով 5 տարի ժամկետով տեղակայված են 1960 ռուս զինծառայողների խաղաղապահ զորակազմ՝ փոքր զենքերով, 90 զրահափոխադրիչներով, 380 միավոր ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահների առաջադրանքի նկարագրությունը տրված է երեք նախադասության մեջ, նրանց մանդատը մանրամասնված չէ և տեղում ռուս զինծառայողները բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նրանք պետք է լուծեն, նշում են փորձագետները: Մասնավորապես, խաղաղապահները սկսեցին դիտակետեր հիմնել, բայց գրեթե միևնույն ժամանակ նրանք սկսեցին ուղեկցել քաղաքացիական ավտոբուսներին դեպի Ստեփանակերտ ու այլ տարածքներ, որոնք մնացել էին հայկական կողմի վերահսկողության տակ: Նրանք մասնակցել են նաև ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը: Եվ դա դեռ ամենը չէ: Այսպիսով, հունիսի 7-ին, ըստ ՌԴ ՊՆ-ի, խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի 100 ուխտավորների և բնակիչների այցը Ամարաս քրիստոնեական վանք:
«Հարցն այն է, թե ինչ են անելու խաղաղապահները հետագայում, քանի որ ժամանակն անցնում է: Արդյո՞ք նրանք ոչ միայն կկանխեն ռազմական էսկալացիան, այլ նաև կորած կովեր կփնտրեն առաջիկա հինգ տարիներին: Որքան էլ լավ լինեն նրանց մտադրությունները, խաղաղապահները չեն կարող ամեն ինչ անել», - վստահ են միջազգային փորձագետները:
Նրանք նշում են, որ բացի խաղաղապահներից, տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ, այնպես որ ռուս մասնագետների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 4 հազար մարդ: Այնուամենայնիվ, խաղաղապահների համար պաշտոնականացված մանդատի բացակայությունը դիտորդներին ստիպում է զարմանալ, թե ինչպես են նրանք գործելու հակամարտության նոր սրման դեպքում:
Ըստ ICG-ի փորձագետների, Մոսկվան աշխատում է խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ձևակերպելու ուղղությամբ, սակայն հակամարտության կողմերը արդեն մերժել են պարտրաստված երկու տարբերակ: Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել իր ջանքերից, բայց շտապելու մտադրություն էլ չունի, զեկույցում նկարագրվում է ռուսական մոտեցումը: Հստակ մանդատի համաձայնեցման օգտին, ըստ ICG-ի փորձագետների, խոսում է նաև այն փաստը, որ իրավիճակի սրման դեպքում ամբողջ մեգատիվը կուղղվի հենց ռուսական կողմին:
«Չնայած բարդություններին, բոլոր կողմերը կարող են շահել խաղաղապահ ուժերի համար առավել հստակ մանդատից: Այժմ ճակատում իրավիճակը հանգիստ է, և խաղաղապահները կարող են պարզապես արձագանքել: Բայց եթե բախում առաջանա, բոլոր մասնակիցները կունենան իրենց սպասելիքները, որոնք կարող են հակասել միմյանց և դուրս գալ առաքելության հնարավորություններից: Բնակիչները ակնկալում են, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն իրենց, մինչդեռ երկու կողմերի պաշտոնյաներն էլ ավելի շատ հարցեր ունեին, քան պատասխաններ՝ խաղաղապահների օգտագործման կանոնների վերաբերյալ: Դրանից առաջացած հիասթափությունը կարող է սրել լարվածությունն առաջնագծում», - ամփոփում են փորձագետները:
Հստակ մանդատ, որում ասվում է, թե երբ և ինչ պայմաններում պետք է միջամտեն խաղաղապահները, արդյո՞ք նրանք կարող են կրակել միայն ինքնապաշտպանության համար կամ նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին, ինչ օգնություն պետք է ցուցաբերեն և ում, որո՞նք են նրանց վարչական պարտականությունները, եթե այդպիսիք կան, և այսպես շարունակ, կարող են կանխել հավանական միջադեպերը: Այն նաև ի վիճակի է վստահություն կառուցել Ռուսաստանի զինված ուժերի նկատմամբ ոչ միայն պաշտոնյաների, այլև այն բնակիչների շրջանում, ովքեր ամեն օր շփվում են խաղաղապահների հետ, ասվում է զեկույցում: