Ֆիլիպ Ռիքեր․ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումներով
«Մեզ շատ անհանգստացրել են վերջին զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից վեց հայ զինծառայողների կալանավորումը և վերջերս ականի միջադեպի արդյունքում երկու լրագրողների ողբերգական մահը»,-այս մասին Բաքվում ադրբեջանական ԶԼՄ-ների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, Ռիքերը նշել է, որ չափազանց շատ կյանքեր են զոհվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում, և անհանգստություն հայտնել, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպերը: ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը՝ սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը», ասել է Ռիքերը։
ԱՄՆ-ը, Ռիքերի խոսքերով, կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:
«Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար: Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով Հարավային Կովկասի ժողովուրդը կարող է իսկապես ծաղկել և բարգավաճել»,-ասել է Ռիքերը։
Նշենք, որ Ռիքերը հունիսի 6-ից 13-ը տարածաշրջանային այց է կատարում Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան