Հայ ռազմագերիները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ԱԳՆ
Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԵԱՀԿԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով:
Դեսպան Պապիկյանն այս տեսանկյունից նշել է, որ ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման համանման նպատակները հիմք են հանդիսանում երկու կառույցների միջև համագործակցության համար՝ ուղղված Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցել են ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետի տեղակալ Իրինա Կովալչուկը:
ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են 2020թ. Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների օգտագործումը, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը:
Նշվել է, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և նրանց կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիության վրա, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, վեցը՝ գերեվարվել:
Բանախոսները և մասնակից պետություններն անդրադարձել են ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին, ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությանը և դրա ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան