Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների դատավարությունները. ՄԻՊ
Հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է՝ ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կկտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:
Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում:
Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:
Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:
Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը գերիներին մատնել է անտերության. Դավիթ Հարությունյան
- ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը
- Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. ՄԻՊ
- Ադրբեջանում հայ գերիներին դատելուն արձագանք պետք է լինի, այլապես կստացվի, որ մենք համաձայնվում ենք. Արման Աբովյան
- Բաքվում դատում են հայ ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները