ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների նոր դարաշրջան Բայդենի վարչակազմի օրոք
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հայտարարում է, թե նախագահ Ջո Բայդենին Եվրոպայում կողջունեն գրկաբաց: Սպիտակ տունը հայտարարում է, որ Բայդենը ցանկանում է սերտորեն համագործակցել Ամերիկայի ժողովրդավար դաշնակիցների հետ, միասնաբար կանգնելու համար այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանից ու Չինաստանից առկա սպառնալիքները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանն է ասում, «ԱՄՆ-Եվրամիություն գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ու Եվրամիության առաջնորդները կենտրոնանալու են առևտրի ու տեխնոլոգիաների հարցում մոտեցումները մերձեցնելու վրա այնպես, որպեսզի ժողովրդավար պետություններից զատ, որևէ մեկը, ոչ Չինաստանը ոչ էլ ավտորիտար այլ պետություն, չստանան առևտրի ու տեխնոլոգիաների հարցերում կանոններ սահմանելու հնարավորություն»:
Սակայն կա կարծիք նաև, որ Չինաստանի հարցում Ամերիկայի շահերը կարող են չհամապատասխանել եվրոպական դաշնակիցների շահերին:
Վերլուծաբան Բրայըն Քաթուլիսի խոսքերով, մեծաթիվ երկրներ են տեսնում ու գնահատում Չինաստանի տնտեսության սրընթաց աճը, և բացի ԱՄՆ-ի հետ կապերից, նախընտրում են ունենալ առևտրային հարաբերություններ նաև Չինաստանի հետ: Դրանց շարքում է Գերմանիան, ասում է վերլուծաբանը: Այդ պատճառով, ասում է նա, Բայդենը կփորձի ընդգծել այն արժեքները, որոնք միավորում են Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, և որոնցից հեռու են և Չինաստանը, և Ռուսաստանը:
Բայդենը հանդիպումներ է ունենալու Մեծ յոթնյակի հյուրընկալ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, այնուհետև ուղևորվելու է Բրյուսել, մասնակցելու համար Եվրամիություն-ՆԱՏՕ գագաթաժողովին: Հաջորդ շաբաթ Ժնևում հանդիպելու է Պուտինին:
Վերլուծաբաններից Մարկ Սիմակովսկիի խոսքերով, «Բայդենի վարչակազմն այսպիսով ցույց է տալիս, որ Ամերիկան վերադարձել է, և որ մենք կարող ենք նորից միավորել մեր ջանքերը հակադարձելու համար ամենամեծ մարտահրավերներին, որոնք առկա են ամբողջ աշխարհում»: Նա նշում է երկրագնդի ջերմացումը, քովիդի դեմ պայքարը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցապայքարը: Ինչպես փորձագետներն են ասում, ի տարբերություն նախորդ նախագահի, Բայդենն ու նրա վարչակազմն ունեն դաշնակիցների մեծ կարիք: