ՀՅԴ-ական տղաներին բերման են ենթարկում այնպես, կարծես թշնամական պետությունում լինեն. Քրիստինե Վարդանյան
«Ոստիկանության զորքերի ծառայողները նախապատրաստվել են գործողություններին, այնուհետև հնչեցրել եմ՝ վերջին զգուշացումն է ու նոր գործողություններ են իրականացվել»,- ասաց կառավարության դիմաց ոստիկաններից մեկը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որ ոստիկանները ժամանակ չեն տվել ակցիայի մասնակիցներին իրենց անելիքները քննարկելու համար ու միանգամից անցել են գործողությունների:
Հիշեցնենք, կառավարության դիմաց ակցիա անող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամներից մի քանիսը բերման են ենթարկվել:
Ոստիկանը համաձայն չէ, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել. «Որակողը դուք չեք, ընդամենը ֆիզիկական ուժ է գործադրվել և վերջ, որովհետև ձերբակալվել են նրանք»:
ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ երիտասարդական միության մի քանի ընկերներ եկել էին կառավարության շենքի մոտ, ընթերցել ընդամենը 10 փաստ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դավաճան:
«Որպես ակնառու փաստարկ, բերել էինք այն, ինչն ինքն ասում է, որ բանակում բարեփոխել է՝ ելակ, կոնֆետ, անդրավարտիք: Ասում էինք՝ եթե սա բանակը մարտունակ է դարձնում, վերցրու, կեր, հագի ու մարտունակ դարձի, քանի որ դա քեզ հիմա պետք է:
Հետո ինչ եղավ, աբսուրդի ժանրից է: Հայաստանում այսքան ժամանակ պետական դավաճանության համար մարդիկ ոստիկանական բաժիններ բերման չեն ենթարկվել, բայց խաղաղ քաղաքացիական ակցիայի ժամանակ տասնյակ տղաներ բերման ենթարկվեցին»,- ասաց նա:
Ք. Վարդանյանը նշեց, որ ոստիկաններին հրահանգ կա՝ աղջիկներին ձեռք չեն տալիս, որպեսզի միջազգային արձագանքը քիչ լինի, բայց տղաներին բերման են ենթարկում այնպես, կարծես թշնամական պետությունում լինեն:
«Ու այդպես բերման են ենթարկում այն տղաներին, ովքեր ամիսներ շարունակ կռվել են այս երկրի անվտանգության համար:
Ո՞ւմ է պաշտպանում այս համակագը, ինչի՞ համար է այս համակարգը»,- նշեց երիտասարդ ՀՅԴ-ականը:
Նա հայտնեց, որ տասնյակ ընկերներ ոստիկանական տարբեր բաժանմունքներում են, այժմ պետք է փորձեն պարզել՝ ունեն վնասվածքներ, թե ոչ:
«Դրախտը որտե՞ղ է, որ ապրում ենք, Եռաբլուրո՞ւմ է»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: