Փաշինյանը երբեք աչքի չէր ընկնում լրագրության մեջ էթիկական կանոնները պահպանողի դերում. Բորիս Նավասարդյան
«Հայաստանում լրատվական դաշտի մեծ մասը ձևավորված է քաղաքական դաշտի պատվերով: Այնպես որ, այն բոլոր բացասական երևույթները կամ դրանց մեծ մասն ածանցյալ են լրատվամիջոցների գործունեության, դերի վերաբերյալ այն պատկերացումներից, որոնք ունեն մեր քաղաքական առաջնորդները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները լրագրողների ու լրատավական դաշտի վերաբերյալ:
Նրա մոտեցմամբ՝ երբ քաղաքական գործիչները տեսնում են լրատվակամիջոցներում որևէ խնդիր, նույնն է ինչ նայում են հայելու մեջ և տեսնում են իրենց. «Եթե լրատվամիջոցներում կան «քիլլերներ», ուրեմն այդ «քիլլերներին» վարձել են քաղաքական գործիչները, և եթե աղբանոցի է նմանվել (լրատվական դաշտը.-խմբ.), գալիս է նրանից, որ աղբանոցի է վերածվել մեր քաղաքական դաշտը, լրատվամիջոցներն ընդամենը դրա շարունակությունն են, եթե այդպիսինն են»:
Նա նշեց, որ այսօր լրագրողները թիրախավորված են այնքանով, որքանով քաղաքական ուժերը ցանկանում են հնարավորինս թուլացնել կամ սպառնալիքներ հնչեցնել նախընտրական պայքարի այն բաղադրիչներին, որոնք խանգարում են հասնել իրենց քաղաքական նպատակին: Ըստ Բորիս Նավասարդյանի, նախընտրական պայքարին մասնակցող շատ քիչ քաղաքական ուժեր կան, որոնք իրենց այլ կերպ են պահում:
«Եթե այդ խանգարող բաղադրիչն այս քաղաքական պայքարում լրատվամիոջցներն են, իրենք են թիրախավորվում, եթե քաղաքական մրցակիցն է, ուրեմն նա է թիրախավորվում, եթե որևէ հանրային, պետական կառույց է կամ հասարակական կազմակերպություն, ուրեմն իրենք են թիրախավորվում: Բոլորը, կարծես թե, ունեն իրենց թիրախները և միջոցների առումով որևէ խտրականություն չեն դրսևորում, երբ պետք է ոչնչացնել կամ վնասել այդ սուբյեկտին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Դիտարկմանը, որ նման հայտարարություններ է անում հենց նախկին լրագրողը, Բ. Նավասարդյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը երբեք աչքի չէր ընկնում լրագրության մեջ էթիկական կանոնները պահպանողի դերում: Այնպես որ իր գործունեությունը ոչ մի բանով չի տարբերվում այն լրատվամիջոցների գործունեությունից, որոնք մենք տեսնում ենք այսօր:
Ընդհանրապես, այն քաղաքական գործիչները, որոնք դուրս են եկել լրատվամիջոցներից, խոսքը ոչ միայն Փաշինյանի մասին է, նույնպես աչքի չեն ընկնում պարկեշտ վարքագծով, երբ մասնակցում են տարբեր քաղաքական գործընթացներում, նախընտրական մրցակցությունում»:
Բորիս Նավասարդյանի կարծիքով, Հայաստանում բոլոր իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ներդրումն ունեն նրանում, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում մեր լրատվական դաշտը:
«Լրագրողներն այս 30 տարիներին որոշակի դիմադրություն էին ցուցաբերում այն բացասական միտումներին, որոնք ներդրվում էին լրագրության մեջ, ուղղակի, բնականաբար, այն ռեսուրսները, ուժը չունեին, որպեսզի այդ դիմադրությունը էական արդյունքներ բերեր»:
Երևանի մամուլի ակումբի նախագահը հիշեցրեց երեկ կայացած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը՝ նշելով. «Երբ ասուլիս տվողն իրեն պարկեշտ է պահում, լրագրողների հետ առնչվում է բովանդակային զրույց առաջարկելով, լրագրողներն իրենց նույնպես պահում են համապատասխանաբար»:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվական դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի. Փաշինյան
- Միջադեպ՝ «Yerevan Today»-ի լրագրողի և Արսեն Թորոսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջև
- Լրագրողական կազմակերպությունները կոչով դիմել են ընտրություններին մասնակից ուժերին
- Ցանկացած հավաքի վայրում ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը. ՄԻՊ
- Շիշ բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը. ոստիկանությունը կզբաղվի հրապարակված նյութով
- ՄԻՊ-ն արձագանքել է Սարդարապատի հուշահամալիր լրագրողների մուտքի արգելքի ահազանգին
- Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն
- «Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան