ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույց․ Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում սադրիչ հռետորաբանության բարձր մակարդակի մասին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելությունը հրապարակել է միջանկյալ զեկույց։
Ընտրողները կընտրեն առնվազն 101 պատգամավոր՝ հնգամյա ժամկետով, մեկ համապետական ընտրատարածքում՝ նոր ներդրված փակ համամասնական ցուցակի համակարգով:
Նշվում է, որ այս արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը: Քարոզարշավի միջոցները՝ ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, վահանակները և պաստառները, արդեն տեսանելի են և չնայած COVID համավարակին, ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդները և զրուցակիցները զեկուցել են, որ երկրի ամբողջ տարածքում տեղի են ունենում անձնապես քարոզարշավային աշխատանքներ:
Նախաքարոզարշավային շրջանում ազգային անվտանգության հետ կապված հարցերը գերակա դիրք են զբաղեցնում քաղաքական դիսկուրսում, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին:
ԶԼՄ միջավայրը բազմազան է և ներառում է մեծաքանակ լրատվամիջոցներ, սակայն տարբեր հեռարձակողների քաղաքական ուղղվածությունը ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ է առաջացնում:
Մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիքներ (այդ թվում վեցը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայաններ, 35-ը գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:
Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել:
Խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցների ընդհանուր ազատության բարելավումներ են նկատել: Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ:
Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010 թ.: Այնուամենայնիվ, Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. կատարված փոփոխությամբ զգալիորեն մեծացել է վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման առավելագույն չափը: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վերանայման:
Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական: Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելիությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը:
Նշվում է, որ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն մայիսի 24-ին մեկնարկել է իր մեդիա մոնիթորինգը` յոթ հեռուստաալիքների, մեկ ռադիոկայանի և երեք առցանց լրատվամիջոցների քանակական և որակական վերլուծությամբ:
Իրավական դաշտը սահմանում է միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրությունների դիտարկման հնարավորություն և թույլատրում է կուսակցությունների վստահված անձանց ընտրությունների օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոններում:
Մայիսի 31-ի դրությամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է 1 քաղաքացիական դիտորդական կազմակերպություն, 1 միջազգային կազմակերպություն և 18 դիվանագիտական ներկայացուցչություններ՝ այս ընտրությունները դիտարկելու համար: Որոշ քաղաքացիական դիտորդական խմբեր մտավախություն են հայտնել առ այն, որ հավատարմագրման հայտեր ներկայացնելու համար սահմանված սուղ ժամկետը, այն է՝ ընտրության օրվանից 15 օր առաջ, բարդացնում է դիտորդների հավաքագրումը:
Ընտրական տեղամասերում գերբեռնվածությունից խուսափելու համար կարող են կիրառվել ընտրական տեղամասերում քաղաքացիական դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների թվի սահմանափակումներ: Նման որոշումները չեն կարող սահմանափակել տեղամասում ներկա դիտորդների ընդհանուր թիվը 15-ից պակասի:
Նշվում է, որ ՀՀ իշխանությունների հրավերով և հիմնվելով 2021թ. ապրիլի 28-ից 30-ը իրականացված Կարքիների գնահատման առաքելության արդյունքների վրա, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին մեկնարկել է Դիտորդական առաքելություն (ԴԱ): Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից և 26 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 27-ին տեղակայվել են երկրի տարբեր մասերում:
Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են: ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ անդամ երկրներին ընտրության օրվա ընթացքը դիտարկելու համար 250 կարճաժամկետ դիտորդներ առաջադրելու խնդրանքով: ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախկինում դիտարկել է տասնմեկ ընտրություն:
Ամբողջական զեկույցը՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար․ Ես չեմ կարող ենթադրել՝ ինչ կարող է պատահել, թիմն այստեղ է և մենք աշխատում ենք
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը սկսում է իր աշխատանքները՝ դիտարկելու ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան