«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին
«Հրապաչակ» թերթը գրում է.
«Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, և այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաև խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին և հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։
Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, և Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, և ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ և ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս և քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ի դեպ, լուրեր են շրջում, թե Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու դեպքում էլ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վազգեն Մանուկյանը, ով նաև Քոչարյանի առաջարկով էր դարձել 17 ուժերի ժամանակավոր վարչապետի թեկնածուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում