Նա փորձում է դրանով վրեժ լուծել, թող փորձի, խնդիր չկա, ավելի պիտի իրեն խայտառակի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հիմա հոգեկան հավասարակշռությունը կորցրած անձն իրեն հարիր մի բան է ասում, պետք չէ դրան արձագանքել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այսօր քարոզարշավի ընթացքում հոգևոր դասին առնչվող Փաշինյանի հայտարարություններին։ Միքայել սրբազանի հետ զրույցը վերջին 3 տարիներին իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին է։
-Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնաց հոգևոր դասին, ասաց, որ չեք թպրտալու, ծնկի եք գալու։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք։
-Իր խոսքը միայն հոգևոր դասին չէր վերաբերվում։ Հիմա հոգեկան հավասարակշռությունը կորցրած անձը, եթե իրեն հարիր մի բան է ասում, ի՞նչ է, մենք պետք է պարտադիր արձագանքե՞նք։
-Սա քարոզարշավի շրջանակներում արված հայտարարությո՞ւն է, թե Հայ առաքելական եկեղեցու հանդեպ 3 տարվա հետևողական քաղաքականության դրսեւորում։
-Կարծում եմ՝ երկրորդ տարբերակը։ Եվ նամանավանդ եկեղեցու և եկեղեցականության հստակ կեցվածքից հետո պատերազմի օրերին և պատերազմից հետո, կարծում եմ, որ դա է իրեն դրդում նման քայլերի գնալ, բայց դա ավելի վատ հետևանքներ կունենա իր համար, որովհետև ինչպես Ավետարանն է ասում՝ մախաթին քացի չես տա, եկեղեցու դեմ բարձրացող ոչ մեկը դեռ եկեղեցուն չի հաղթել։ Կարող է՝ ճակատամարտ շահի, բայց պատերազմը կկորցնի։
-Հոգևոր դասը շատերի պես պահանջեց Փաշինյանի հրաժարականը, գուցե դա՞ է հունից հանել Փաշինյանին։
-Իհարկե։ Նա փորձում է դրանով վրեժ լուծել, թող փորձի, խնդիր չկա, ավելի պիտի իրեն խայտառակի։
Ինչպե՞ս ազատվել քարոզարշավի այսպիսի մթնոլորտից, անհանդուրժողականության քարոզից։
-Մենք այսօր հայտարարություն ենք տարածել եպիսկոպոսներով, որտեղ բոլոր կողմերին, մանավանդ՝ իշխանությանը, հորդորում ենք զերծ մնալ անհավասարակշիռ արտահայտություններից, հայհոյանքից և ժողովրդին բևեռացնելուց։ Մենք արդեն այդ հայտարարությունը արել ենք և կարծում ենք, որ պետք է ականջալուր լինեն։ Հուսանք։ Մենք չենք ուզում, որ որևիցե մեկն անհաղորդ մնա մեր խոսքերին, կուզենայինք, որ բոլորն էլ լսեին, որովհետև բոլորն էլ մեր զավակներն են, կարող է անառակ զավակներ են, բայց մեր զավակներն են։
-Հնարավո՞ր է դարձի բերել այսպիսի «անառակ զավակին»։
-Դա միշտ հնարավոր է, բայց իրենից է կախված։ Առաջին քայլը միշտ պետք է անի անառակ որդին։
-Իսկ գոնե զղջում, սխալների ընդունում տեսնու՞մ եք նրա կողմից։
Չէ, ընդհակառակը, գնալով ավելի մեծ սխալներ են թույլ տալիս, մանավանդ եկեղեցու և եկեղեցականության հանդեպ։ Նրանք ճիշտ չեն հաշվարկում ո՛չ իրենց ուժերը, ո՛չ իրենց հնարավորությունները, ո՛չ էլ իրական պատկերը եկեղեցի-պետություն կամ եկեղեցի–ժողովուրդ հարաբերության համատեքստում։ Նրանք լավ իրազեկված չեն։
-Երբ Փաշինյանը եկավ իշխանության, Վեհափառին զրկեցին թիկնազորից՝ պատճառաբանությամբ, թե կաթողիկոսը ժողովրդից պաշտպանվելու կարիք չունի։ Հետո եղավ հարձակում Վեհափառի վրա։ Այդ օրերին գուցե արժեր ավելի՞ սուր հակադարձել օրվա իշխանության նման պահվածքին:
-Վեհափառը թիկնազոր երբեք չի ունեցել։ Եթե որևէ մեկը մտածում է, թե Վեհափառը թիկնազոր է ունեցել, և դրանից զրկել են, այդպիսի բան չի եղել։ Վեհափառին ընդամենը ուղեկցել է մեկ ոստիկանական մեքենա, այն էլ Պետավտոտեսչության, ճանապարհ բացելու համար։ Թիկնազորի հարցը եղել է հարձակումից հետո, երբ վեհափառի վրա հարձակում է եղել և քաշքշոց է եղել, հարց է բարձրացվել՝ տրամադրել Վեհափառին թիկնազոր, այսինքն ապահովություն, որը այս իշխանությունը մերժել է։ Դեռ առաջ է գնացել և մերժել է նույնիսկ պետավտոտեսչության այդ մի մեքենան տրամադրել Վեհափառին։ Այնպես որ, Վեհափառը թիկնազորի կարիք չի ունեցել, չունի և չի էլ ունենա։ Եվ թիկնազորի հարց հոգևորականության կողմից երբեք չի դրվել, որ հոգևորականությունն էլ պիտի փորձեր այդ հարցը պարտադրել կամ բարձրացնել մինչև վերջ, որովհետև ոչ մի հոգևորական, ոչ էլ Վեհափառն ինքը, թիկնազորի անհրաժեշտություն չի տեսնում։ Եվ այդ հարցը չի էլ բարձրացվել հոգևորականության կողմից, բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից և մերժում է ստացել մեծամասնությամբ։
Այդ օրերին և առ այսօր հոգևոր դասը ցույց է տվել իր միասնությունը և դեռ ցույց կտա իր միասնությունը, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ դա ի շահ իր ժողովրդի և պետականության, ոչ թե ինչ-որ նեղ շահերի։ Պետական գործիչները, ցավոք, այդքան չեն հասկանում պետական շահից, որքան տերտերները։
-Նախօրեին Փաշինյանը Գյումրիում էր, նրան այստեղ գրկաբաց չընդունեցին, հանրահավաքը սակավամարդ էր։ Գյումրին մերժե՞ց նրան։
-Գյումրին միշտ էլ ընդդիմադիր քաղաք է, և առավել ևս նման ձախողված իշխանության կողքին լինել չի կարող, և դա բնական էր։ Ես նույնիսկ եղածը շատ էի համարում, ավելի քիչ պետք է լիներ ժողովուրդը, քան կար։ Իմ ցանկությունը համենայն դեպս դա էր, որ ավելի քիչ լիներ ժողովուրդը, քան կար։ Կուզեինայի, որ 1 տոկոս էլ չունենար, որովհետև երկիրը հանձնած, այսպիսի աղետի բերած իշխանությունը պետք է 1 տոկոս աջակցություն էլ չունենա ժողովրդի մեջ, բայց եթե ունի մի քանի տոկոս, թող ունենա, ի՞նչ անենք։
-Հունիսի 20–ին կամ դրանից հետո քաղաքացիական բախումների մտավախություն ունե՞ք։
-Ցանկությունս այն է, որ ընտրությունն այնպիսի արդյունք ունենա, որ որևիցե մեկի կողմից կասկած չհարուցի, այսինքն այս իշխանությունը այնպիսի ջախջախիչ պարտություն պիտի կրի, որ չփորձի հավակնել ինչ-որ բաներ ենթադրելուն։ Այդ է իմ երազը, և ցանկություն ունեմ հունիսի 21-ին արթնանալ և այս մղձավանջից ազատվել, որովհետև գրեթե 3 տարի է, չհաշված այդ 3 տարվա մի քանի ամիսները, որ էիֆորիայի մեջ էր ամբողջ ազգը, մենք մղձավանջի մեջ ենք։ Պետք է այս մղձավանջից արթնանանք, և տեսնենք, թե ինչպես պետք է շարունակենք այսքան կորուստներից և այսքան նվաստացումներից, զրկանքներից և մահերից հետո վերսկսել մեր պետականաշինությունը, որովհետև 30 տարվա պետականաշինության բոլոր ձեռքբերումները, եթե կային էլ, բոլորը խորտակվեցին այս 3 տարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները