ՌԴ փոխվարչապետ․ Տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանը կվերածի խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ տրանսպորտի ոլորտում ենթակառուցվածքների ապաշրջապակման ու այն մասին, թե ինչ նախագծեր կարող են իրականացվել։
Օվերչուկի խոսքերով, եթե Անդրկովկասում բարի կամք լինի, տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրների տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի:
«Կարևոր է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունենա»,-ասել է Օվերչուկը նշելով փոխվարչապետերի մակարդակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի մասին, որն ուղղված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
«Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ մենք ողջախոհ մոտեցում ենք ցուցաբերում: Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են, բազմաշերտ և խորանում են պատմության մեջ: Շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել են իրենց տները, կորցրել են ամենամոտ մարդկանց: Սա միշտ հիշվելու է: Այսօր կարևոր է այնպես անել, որ վիշտը կրկին չվերադառնա մարդկանց տներ, և դրա համար անհրաժեշտ է բուժել վերքերը, սովորել միմյանց հետ խոսել և միասին աշխատել՝ ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու համար»,-ասել է Օվերչուկը։
Ըստ Օվերչուկի, իրականությունն այն է, որ այս ժողովուրդները, որոնք «մեզ հարազատ և բարեկամական են», հարևաններ են եղել, կան և կլինեն: Այնտեղ ապրող մարդիկ ցանկանում են խաղաղ ապրել, երեխաներ դաստիարակել ու վայելել իրենց թոռներին: Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները ելնում են հենց այս կետից: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ավելի լավ կյանք կառուցել իր ժողովրդի համար: Ռուսաստանը նրանց օգնում է դրանում:
Նշվում է, որ փոխվարչապետերի բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, և երեք պատվիրակություններ նստել են կլոր սեղանի շուրջ հունվարի 30-ին: Նման խնդիրներ երբեք չեն քննարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման մակարդակում:
«Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերը այդքան կարճ ժամանակ անց նստում են բանակցությունների սեղանի շուրջ` տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար: Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը` լուծում գտնել պետությունների ղեկավարների կողմից առաջադրված խնդրին»,-ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը կարծում է, որ հենց սկզբից կարևոր էր ելակետ գտնել։
«Այս երկու երկրների հարաբերությունների ամբողջ պատմական փորձը նման աջակցություն չէր տալիս, բայց այն գտնելու ցանկությունը բառացիորեն օդում էր: Ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցություններն ավարտվեին նախքան դրանք սկսելը: Այս մոտեցումը հնարավորություն տվեց անցնել երկու երկրների միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիների քննարկմանը: Դիտարկվում են Ադրբեջանի տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Հայաստանի տարածքով։
Միևնույն ժամանակ, լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժը սկսելու խնդիրները: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ափին գտնվող ադրբեջանական նավահանգիստները՝ ապրանքներ Կենտրոնական Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան տեղափոխելու համար:
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տեղի է ունենում բովանդակային զրույց՝ տարածաշրջանի ապաշրջափակման մասին: Այս խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց ի վեր շրջափակված երկիր է:
Ինչպես գիտեք, Հայաստանը չունի սեփական ելքը դեպի ծով: Հայաստանը շատ բարդ պատմական հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այդ երկրների հետ նրա սահմանները փակ են: Հայաստանը ցամաքային սահմանի մի փոքր հատված ունի Իրանի հետ, բայց կան դժվար ռելիեֆներ և վատ ճանապարհներ, որոնք խանգարում են լիարժեք տրանսպորտային կապերին
Հայաստանն արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապեր իրականացնելու հնարավորություն ունի միայն Վրաստանի տարածքով, որտեղ մուտքի հնարավորություն կա դեպի ծովային նավահանգիստներ և Վերին Լարս միջազգային անցակետ՝ միակ ցամաքային ճանապարհը դեպի Ռուսաստան: Այս ճանապարհի անցումը սահմանափակ կարողություն ունի և տարվա մեջ մի քանի շաբաթ փակ է երթևեկի համար` եղանակային պայմանների պատճառով: Հարյուրավոր բեռնատարներ այնտեղ կուտակվում են՝ կանգնած սպասում են ճանապարհի բացմանը, երթևեկության վերսկսմանը՝ բեռներ տեղափոխելու համար Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով»,-ասել է Օվերչուկը, հավելելով, թե այս ամենը խորընդոտ է Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներին կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, բայց նաև կկարողանա սկսել կառուցել իր սեփական արտադրությունը, քանի որ մուտքի հնարավորություն կլինի նոր իրացման շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոնները կդառնան անցյալ: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորությունները երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կոնֆիգուրացիայում Ադրբեջանը և Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին:
Աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները: Գարնանը այս երկրների սահմանային տարածքներում աշխատում էին տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրների միջև առևտրային տրանսպորտի հնարավորությունները:
Գնահատվել է ճանապարհների մակերևույթների, երկաթուղիների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ընկած են ճանապարհների տակ: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայվել են, և տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացան ուրվագծել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետագա քայլերը»,-ասել է Օվերչուկը։
Ըստ Օվերչուկի, աշխատանքի մեծ մասը վերաբերում է նաև իրավական խնդիրներին: Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, չկան անցակետեր, մաքսային կետեր, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև: Անցած 30 տարիների ընթացքում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը ամեն ինչ արեցին, որպեսզի նրանց միջև տեղաշարժը անհնար լինի: Այս կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն:
«Ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատը համակարգված աշխատել է միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումներ գտնեն: Երբ գտնվեն այս բոլոր լուծումները, և Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա վերսկսել տրանսպորտային կապերը: Հիմնական բանը լավ ապագա տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կբարդացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,-ասել է Օվերչուկը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան