Փաստաբան. Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ) ձերբակալվել է երեկ ժամը 22։20-ի սահմաններում։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը՝ մանրամասնելով, որ մինչ այդ ժամը 17։30-ից նրան վերցրել են արգելանքի, սակայն ներկայացրել են 18։30-ին։
«Տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնց մասին արդեն պաշտպաններս ներկայացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանին։ Խոչընդոտել են փաստաբանների հանդիպումը պարոն Խլղաթյանի հետ, 40-50 րոպե է տևել յուրաքանչյուր փաստաբանի դեպքում մինչև բարձրացել ու կարողացել ենք հանդիպել նրա հետ։ Մեկնաբանում էին, որ պետի ցուցումով ունեն հրահանգ, որ թույլ չտան որևէ փաստաբանի բարձրանալ վերև։ Միայն ՄԻՊ գրասենյակի միջոցով 40-50 րոպե անց կարողացել ենք հանդիպել պարոն Խլղաթյանին»,- ասաց Գայանե Պապոյանը։
Անդրադառնալով պատգամավորության թեկնածուի դեմ գործին՝ փաստաբանն այն որակեց իրավաբանության հետ աղես չունեցող գործընթաց։
«Վարույթն իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում։ Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 154-րդ պրիմ 2-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով, որևէ առնչություն չունի Խլղաթյանի հետ։ Գտնում ենք, որ նրա ձերբակալությունը նպատակ ունի խոչընդոտել «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի գործունեությունը։ Ռուբեն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ, և այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,- ասաց Պապոյանը։
Փաստաբանը ևս մեկ ակնհայտ խախտում ներկայացրեց։ Նա մանրամասնեց՝ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ Քր. Օրենսգրքի 154.2 հոդվածով քրեական գործի քննությունը պետք է իրականացնեն բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները։
«Սա Քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջն է, որը չի իրականացվել։ Անցած երեք տարիների ընթացքում ես քաղաքական տարբեր գործերով պաշտպանություն եմ իրականացնում, իրավաբանության հետ որևէ աղերս չենք տեսել։ Ես վստահ եմ, որ վարույթ իրականացնող մարմինը տեղյակ էր այդ իմպերատիվ պահանջի մասին, և ես կարող եմ ենթադրել, որ ՀՔԾ-ն գուցե չի համաձայնել ակնհայտ ապօրինի քրգործի քննություն իրականացնել։ Դրա համար որոշել են այլ մարմնի վրա բարդել»,- ասաց Պապոյանը։
Այս ու այլ խախտումներ փաստաբանները ներկայացրել են Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան, բողոքը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին, այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունեն նիստի ժամի մասին։
Ասուլիսի մյուս բանախոս իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ հավելեց, նախկինում էլ փորձել են Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրգործ հարուցելու փորձ անել։
«Մի քանի օր առաջ փորձ էին արել այս մարդու գլխին սարքել մի քրեական գործ, բայց դա չի ստացվել, սա էլ չի ստացվելու։ Մենք դրա մասին չէինք խոսում, սպասում էինք, տեսնենք, էլ ինչ են անելու։ Եվ ընդհանրապես «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ հետապնդումները սկսել են արդեն 5-6 օր։ Այն պահից, երբ կապիտուլյանտը տեսնում է, որ դաշինքի վարկանիշն աճում է, սկսում է քաղաքական ռեպրեսիաները»,- հայտարարեց Արսեն Բաբայանը։
Որպես ասվածի օրինակ նա մանրամասնեց, 2020 թ. նոյեմբերի 10-ին հարուցված քրեական գործով իրենց կուսակցական գործընկերներին սկսել են ակտիվ կանչել հարցաքննությունների։
Բաբայանն ասաց, հանրահավաքին մասնակցելու համար արգելանքներ են դրվել կուսակցության ակտիվ ներկայացուցիչների հաշիվներին առանց ծանուցման։
«Օրինակ, իմ երեք հաշիվներից յուրաքանչյուրի վրա դրված է 400 հազար դրամի արգելանք, որևէ ծանուցում չեմ ստացել, ինչպես բազմաթիվ իմ կուսակցական ընկերներ»,- ասաց նա՝ ավելացնելով, եթե ցանկանան դատական կարգով հանեն արգելանքը դա կարող է տևել մինչև մեկ ու կես տարի։
Նշենք, որ Քր. Օրենսգրքի 34 հոդվածը սահմանում է հանցափորձը.
«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»։
Քր. Օրենսգրքի 154.2 հոդվածը սահմանում է Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել.
«Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Շինծու քրգործի նպատակն է կասեցնել «Պատիվ Ունեմ»-ի վարկանիշի սրընթաց աճը
- Փաստաբաններ. «Պատիվ ունեմ»-ի պատգամավորության թեկնածուի ձերբակալումն ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան