S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը: Այս մասին հայտնում են Ամերիաբանկից։
«Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է 2021թ. Հայաստանում մակրոտնտեսական և բանկային միջավայրի որոշակի կայունացմամբ: S&P-ի գնահատմամբ` Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. կգրանցի աճ 2.5%-ով, իսկ 2022-2023թթ.` 4.5%-ով:
S&P-ի կարծիքով` Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով վերականգնվող մակրոտնտեսական միջավայրը և բանկի ապրանքանիշի ճանաչելիությունը տեղական շուկայում, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմը, թվայնացման ռազմավարությունը և կորպորատիվ կառավարումը:
Կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի բավարար իրացվելիությունը, ռիսկերի խելամիտ կառավարումը և վստահելի ապրանքանիշը հնարավորություն կտան նրան դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրությունում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում, Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին տվյալների համաձայն, Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր բանկն է, որի հիմնական միջոցները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան