Ի՞նչ է սպասվում բիզնեսին Փաշինյանի մնալու դեպքում. yerevan.today
Yerevan.today-ը գրում է. «Արդեն հինգ օր է՝ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Այս օրերի ընթացքում մենք իմացանք, որ «ապրում ենք դրախտում, ՀՀ-ն բիզնեսի համար դրախտավայր է, Սինգապուրը մեզ նախանձում է, իսկ մեր երկրում էլ կաթ ու մեղր է հոսում»: Այդ մասին քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է ասում: Դրախտի համար էլ, իհարկե իրենց ենք պարտական: Այդպես է ամենը ներկայացվում։
Պատերազմի արհավիրքների, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, մենք իհարկե չենք լսի այս օրերին այս ուժի հավաքներին: Դրա համար էլ ներկայացնենք, թե «դրախտավայր» Հայաստանում ինչպիսի իրավիճակ է, մասնավորապես տնտեսական առումով, ավելին, ինչ է սպասվում Փաշինյանի մնալու դեպքում:
Աղքատության գրեթե կրկնակի աճ, գործազուրկների թվի ավելացում, գյուղատնտեսության ոլորտի շարունակական անկում, տուրիզմի ոլորտի վերջնական բնաջնջում: Որպես այս ամենի տրամաբանական արդյունք. եկրում գրանցվեց տնտեսական անկում եւ երեք տարում (2018-2021թթ.) 30%-ով կամ 2մլրդ ԱՄՆ դոլարով ավելացավ պետական պարտքը:
Այս տարվա ապրիլի դրությամբ այն կազմում է 8.77 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսին, որը համարվում է բարձր ռիսկայնություն։
Նախկինում երբեւէ Հայաստանը պետական պարտքի այդպիսի բարձր ցուցանիշ չէր ունեցել, ինչպիսին ունի հիմա։ Այս աննախադեպ իրավիճակի համար Փաշինյանի կառավարությունը գտել է նույնքան աննախադեպ լուծում:
Տարեվերջին Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է կառավարության հարկային մուտքերում, վերը նշվածի արդյունքում, առաջացած եւ խորացող ճեղքվածքը լրացնել նոր պարտք վերցնելով եւ հարկերը բարձրացնելով:
Ըստ արդեն ստորագրված որոշումի, իջեցվել է շրջանառության հարկի շեմը, ասյինքն երկրի տնտեսության համար այս ճգնաժամային իրավիճակում տնտեսվարողների մի զգալի մաս անցնելու է ԱԱՀ-ով հարկման ռեժիմի եւ վճարելու է ավելի շատ հարկ քան նախկինում: Դրանք են փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները։ Այս փոփոխությունը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի «Պահուստային եռամյա ծրագրի» առաջընթացի 3-րդ գնահատման շրջանակներում հաստատված` Տնտեսական եւ Ֆինանսական քաղաքականությունների Հուշագրի 13-րդ կետով:
Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞ւմ վրա է սա ազդելու, ով է տուժելու այս փոփխությունից:
Այս խնդիրը առնչվելու է ավելի քան 95,000 ակտիվ հարկ վճարողների գերակշիռ մեծամասնությանը եւ բերելու է նրան, որ շատ փոքր եւ միջին ձեռնարկություններ փակվելու են եւ ազատելու են իրենց աշխատողներին:
Առողջապահական ծառայությունները եւս հարկվելու են ԱԱՀ-ով, մոտ 20%-ով թանկանալու են բոլոր ծառայությունները` դիագնոստիկա, բուժում, վիրահատություններ եւ այլն: Սա բնականաբար վատթարացնելու է բնակչության առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
2022 թվականի հունվարից կբարձրացվեն նաեւ կիրառվող բնապահպանական հարկերի եւ բնօգտագործման վճարների մեծ մասի դրույքաչափը՝ 30%-ով:
Այս փոփոխությունը գործելու է 2022 թվականի հունվարից: Ինչպես հասկացանք, տուժելու են բիզնեսը, սպառողները, աշխատողները, մեծ հաշվով՝ հանրությունը, ՀՀ քաղաքացին:
Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Փաշինյանի «թեթեւ ձեռքով» հաստատած այս փաստատղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է վերը ներկայացված եւ այլ պարտավորություններ, որոնք շարունակելու են աղքատացնել մեր բնակչությանը եւ բիզնես համայնքին: Փակվող բիզնեսն ու գործազրկությունն էլ ճանապարհ են հարթելու արտագաղթի համար:
Արժույթի միջազգային հիմնադրամն էլ որպես «փոխհատուցում», ավարտել է Պահուստային ծրագրի շրջանակում Հայաստանի առաջընթացի երրորդ գնահատումը եւ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է 25.714 միլիոն փոխառության հատուկ իրավունքների (SDR) կամ մոտ 37մլն ԱՄՆ դոլարի հատկացումը, որը համաձայն «օդում կախված լուրերի» Փաշինյանը ուղղել է իր եւ միայն իր թիմակիցների պարգեւավճարներին:
Ի դեպ, այս առումով, տարեսկզբին անդրադառնալով ստեղծված իրավիճակին Փաշինյանն ասել էր.
«Պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»:
Այս եւ այլ թեմաներից, քարոզարշավի ընթացքում իշխանության թեկնածուն, իհարկե չի խոսա, սակայն սա է իրականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կլինի Հայաստանի հետ եթե իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը
- «Գիտակցո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ընտրություններից հետո հայտարարեն, թե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հաղթանակ է տարել»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան