Բայդենը հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի շարք հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայում, ուր ժամանել է հինգշաբթի օրը: Սա պետության ղեկավարի պաշտոնում իր արտասահմանյան առաջին այցն է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին ընդառաջ, ուրբաթ օրը մեկնարկող, Անգլիայի Կարբիս Բեյ հանգստավայրում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բայդենին:
Բայդենի այցի պաշտոնական ծրագրի համաձայն, նա մտադիր է վերահաստատել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:
Երկու երկրների ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում: Ակնկալվում է, որ Ատլանտյան նոր խարտիան կհաստատվի` Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունն ու հավաքական անվտանգությունը խթանելու համար:
Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, խարտիան կկազմվի 1941 թվականի ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընդունած պատմական հռչակագրի օրինակով:
Բացի այդ, նախագահը կանդրադառնա կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրին և ամբողջ աշխարհում համաճարակի դեմ պայքարի ջանքերին: